Նոյեմբերի 13-ին բիզնես-նորարարությունների 3-րդ միջազգային համաժողովն է մեկնարկել Դիլիջանում։
Միջոցառումը նվիրված է Հայաստանում տեխնոլոգիական կրթության և տեխնոլոգիական բիզնեսի զարգացմանը և անցկացվում է «2018. Հայաստանն աշխարհի առավել նորարարական երկրների քսանյակում» կարգախոսով։
«Նորարարական տնտեսության ստեղծման լավագույն պայմաններից մեկը մարդկային կապիտալում արված ներդրումն է։ Անշուշտ, նորարական տնտեսությունը բարդ համակարգ է, նորարարությունների հիմնական կրողներն այն ձեռնարկատերերն են, ովքեր տարածում են այդ տեխնոլոգիաները և դրանք կյանքի կոչում»,- ողջույնի խոսքում ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, մեջբերում է Arka.am-ը:
Ըստ նրա, նորարարությունների համար բարենպաստ պայմանների ստեղծումը գերակա ուղղություն է Հայաստանում։ Խոսքը, մասնավորապես, դպրոցից մինչև բուհ որակյալ կրթության և բարենպաստ բիզնես-միջավայրի ձևավորման մասին է։
«Բացի այդ, նորարարությունների զարգացման ռազմավարության շրջանակում նախատեսվում է արտադրական որոշ ձեռնարկությունների վերականգնումը, որոնք աստիճանաբար կընդգրկվեն տվյալ գործընթացում»,- ասել է Ճշմարիտյանը։
Համաժողովին մասնակցում են տեղական և օտարերկրացի գործարարներ, բիզնես–միավորումների և ասոցիացիաների, պետական կառավարման մարմինների, խորհրդատվական ընկերությունների, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ։
Միջոցառումն անցկացվում է Հայաստանի վարչապետի բարձր հովանու ներքո Արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության օժանդակությամբ։
Բիզնես–նորարարությունների առաջին միջազգային համաժողովն անցկացվել է Դիլիջանում 2013 թվականին։






