AM
14 Նոյեմբեր 2015 - 09:05 AMT

ԵՄ ԱԳ նախարարները Բրյուսելում կքննարկեն հակաահաբեկչական գործողությունների համակարգման հարցը

Նոյեմբերի 16-ին ԱԳՆ ղեկավարների մակարդակով Բրյուսելում կայանալիք ԵՄ Խորհրդի հերթական հանդիպմանը կքննարկվի հակաահաբեկչական գործողությունների համակարգման հարցը` Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ, հայտնել է ՏԱՍՍ-ը ԵՄ Խորհրդի վրա հղումով:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 153 մարդ։ Ֆրանսիայի մայրաքաղաքի երկնքում ուղղաթիռներ են շրջում, երկրում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերնոը նոյեմբերի 14-ին COBRA արտակարգ կոմիտեի արտահերթ նիստ կհրավիրի Փարիզում ահաբեկչությունների կապակցությամբ, որին զոհ է գնացել ավելի քան 150 մարդ: «Ես կնախագահեմ հանդիպմանը Փարիզում այս սարսափելի հարձակումների կապակցությամբ COBRA կոմիտեի հանդիպմանը»,-գրել է նա Twitter-ի էջում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համակողմանի աջակցություն է առաջարկել Ֆրանսիայի իշխանություններին: «Մենք ամեն ինչ կանենք հետապնդելու համար հանցագործներին և նրանց մեղսակիցներին` համատեղ պայքարելով ահաբեկիչների դեմ: Սա Եվրոպայի ամենասարսափելի գիշերներից մեկն էր»,-ասել է Մերկելը:

ԳԴՀ ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ Սիրիայի վերաբերյալ Վիեննայի հանդիպումը կսկսվի Փարիզում տիրող իրավիճակի մասին Ֆրանսիայի ԱԳՆ զեկույցից:

Նոյեմբերի 14-ին Վիեննայում կհավաքվեն հոկտեմբերի վերջում Սիրիայի վերաբերյալ երկխոսության առաջին փուլի մասնակից երկրների ներկայացուցիչները: ՌԴ, ԱՄՆ և ՄԱԿ ներկայացուցիչներից բացի, ակնկալվում է նաև Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Իրանի, ԵՄ, ԱՊԼ և Իսլամական համագործակցության կազմակերպության մասնակցությունը:

Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների շարքը կազդի Սիրիայի վերաբերյալ բանակցությունների վրա, սակայն հանդիպումն ամեն դեպքում կկայանա: