Ֆրանսիայում գրեթե 130 մարդու կյանք խլած ահաբեկչություններից հետո Բելգիայի կառավարությունը մտածում է անհրաժեշտության դեպքում ևս արտակարգ դրություն հայտարարելու հնարավորության մասին, հայտարարել է երկրի վարչապետ Շառլ Միշելը:
Բելգիայում օրենսդրությամբ նախատեսված չէ արտակարգ դրություն հայտարարելու հնարավորություն, ինչպես դա արվեց Ֆրանսիայում Փարիզի ահաբեկչություններից հետո:
«Ես խնդրել եմ անվտանգության ուժերին պատրաստ լինել բոլոր տարբերակներին: Այդ առումով Բելգիան պետք է աշխատի արտակարգ իրավիճակներում արտակարգ դրություն հայտարարելու հնարավորության վրա»,-ասել է Միշելը RTL հեռուստաալիքի եթերում:
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ, վիրավորվել 200-ից ավելին։ Ֆրանսիայի նախագահի հրամանով երկրում ատրակարգ դրություն է հայտարարված: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Փարիզում ահաբեկչությունների համար պատասխանատու է «Իսլամական պետությունը», հայտնել է Reuters-ը: ԻՊ-ն իր հերթին նոր ահաբեկչություններով է սպառնում Ֆրանսիային:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Փարիզում իրենք իրենց պայթեցրած ահաբեկիչներից առնվազն 2-ը Բրյուսելի բնակիչներ են եղել, ևս մեկին Ֆրանսիայի իշխանությունները հետախուզում են: Բելգիայում 7 մարդ է ձերբակալվել, այդ թվում մահապատի ու հետախուզվողի եղբայրը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:






