Ահաբեկչական «Իսլամական պետությունն» առանձին ստորաբաժանում է ստեղծել, որն ակտիվորեն զբաղվում է քիմիական զենքի մշակմամբ, հետազոտություններ և փորձեր է անցկացնում Իրաքի, Սիրիայի և այլ երկրների գիտնականների ներգրավմամբ, հայտնել են ԱՄՆ և Իրաքի հետախուզության աշխատակիցները:
ԻՊ-ն գրավել է քիմիական զենքի արտադրության իրաքյան «Ալ Մուտանա» գործարանը, որտեղ Սադդամի ռեժիմը 1980-ականներին մեծ քանակությամբ թունավոր գազ էր արտադրում, այդ թվում զարին: Ըստ ԿՀՎ տվյալների, Պարսից ծոցում առաջին պատերազմից հետո 1991 թ. գործարանը դադարեցրեց քիմզենքի արտադրությունը, սակայն պահեստներում դեռ բավարար քանակով թունաքիմիկատներ են պահվում:
Ինչպես AP-ին են հայտնել ամերիկացի պաշտոնյաները, չցանկանալով սակայն հրապարակել իրենց անունները, իրենք կարծում են, որ ԻՊ գրոհայինները զենքի նորագույն տեսակներ ստեղծելու հնարավորություն ունեն, օրինակ, նյարդապարալիտիկ գազ: Այս պահի դրությամբ համարվում է, որ գրոհայիններն Իրաքում և Սիրիայում իպրիտ են գործածել, հայտնում է Sputnik-ը:
Ըստ ամերիկյան հետախուզության տվյալների, իպրիտն օգտագործվում է փոշու տեսքով, որն ավելացվում է պայթուցիկ նյութերի մեջ: Քիմիական մանանեխի գազն արգելված քիմզենք է ու կարող է մաշկի թարախապալարներ առաջացնել, ինչպես նաև կուրություն ու շնչառական խնդիրներ:
Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել էր, որ չի բացառում ահաբեկիչների կողմից քիմիական կամ մանրէաբանական զենքի կիրառման հնարավորությունը:
Իրաքի պաշտպանության նախարարությունը հոկտեմբերին հայտարարեց, որ զեկույց է պատրաստել, որով ապացուցվում է «Իսլամական պետության» գրոհայինների կողմից երկրի հյուսիսում քրդերի դեմ քիմիական զենքի կիրառումը: Հունիսին Իրաքի կառավարությունը հայտնեց, որ ԻՊ գրոհայիններն «իրենց հսկողության տակ են առել խոշոր մի ռազմակայան, որը Սադդամ Հուսեյնի օրոք օգտագործվել է որպես քիմզենքի պահեստ: Այն ժամանակ, իբր, այնտեղ թունավոր նյութերի պաշարներ չեն եղել:
ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:






