AM
20 Նոյեմբեր 2015 - 09:41 AMT

ԻՊ-ից փախած հրամանատարը պատմել է ահաբեկիչների հետ Թուրքիայի գործակցության մասին

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության Թուրքիա փախած հրամանատար Սաիդը թուրքական Cumhuriyet թերթին պատմել է կազմակերպության հետախուզական աշխատանքների, Թուրքիայի հետ ունեցած սերտ հարաբերությունների և կազմակերպության թուրք զինյալների մասին: Սաիդը, ով Սիրիայի Ալ Բաբ քաղաքում եղել է ԻՊ-ի հետախուզության հրամանատարն անդրադարձել է հավաքագրված զինյալների` Թուրքիայից Սիրիա անցումը կազմակերպելու, Թուրքիայի ու ԻՊ-ի հետախուզությունների գործակցության թեմաներին:

«ԻՊ-ը դեռ կարողանու՞մ է Թուրքիայի տարածքով զինյալներ հավաքագրել, թե՞ արդեն ամբողջությամբ դադարել է այդ գործընթացը» հարցին ի պատասխան Սաիդն ասել է.

«Գիտեմ, որ առաջվա պես չէ: Երկար ժամանակ ԻՊ-ի համար «բաց անցակետ»-ի ռեժիմ էր կիրառվում: Այս պահին արդեն Թել Աբյադը քրդերի ձեռքում է: Միայն Քիլիսի կողմից է հնարավոր զինյալներ անցկացնել: Ալ Նուսրան (Ալ Քաիդա) և ԻՊ-ը շարունակում են Քիլիսի կողմից մարդ անցկացնել: Նույնիսկ Քիլիսում 2 մզկիթ կա, որոնցից մեկն օգտագործվում է Ալ Քաիդային, մյուսը` ԻՊ-ին անդամագրվելու գնացողների համար: Այդ մզկիթներում կազմակերպությունների ներկայացուցիչներն են գտնվում և այդ մզկիթներից դեռ շարունակում են Սիրիա մարդիկ ուղարկել»,- պատմել է ԻՊ-ի նախկին հրամանատարը, գրում է Ermenihaber.am-ը:

Վերջինս պատմել է նաև սիրիական Քոբանի քաղաքի կռիվների ժամանակ ԻՊ-ի և թուրքական հետախուզության սերտ գործակցության մասին:

Ամերիկյան Pew սոցիոլոգիական ուսումնասիրություններ իրականացնող կազմակերպությունը մուսուլմանական մեծամասնությամբ երկրներում կազմակերպել է հարցում՝ պարզելու այդ երկրներում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման նկատմամբ եղած համակրանքի աստիճանը:

Թուրքիայում «ԻՊ-ի նկատմամբ համակրանք ունե՞ք» հարցին դրական է պատասխանել հարցվածների 8%-ը, բացասական` 73%-ը: 19%-ն էլ դժվարացել է պատասխանել:

Ահաբեկչական կառույցի նկատմամբ ամենամեծ համակրանքն արձանագրվել է Նիգերիայում` 14%, որին հաջորդում է Մալայզիան 11%-ով: 3-րդ և 4-րդ տեղերում են համապատասխանաբար Սենեգալն և Պակիստանը: Հինգերորդը Թուրքիան է: