Հայաստանի անդամակցությունը Համաշխարհային առեւտրի կազմակերպությանը (ՀԱԿ) կխթանի հանրապետության տնտեսական զարգացումը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է արտահայտել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը: Ինչպես հաղորդում է «Դե-ֆակտո» գործակալությունը, դեսպանի խոսքերով, անդամակցությունը ՀԱԿ-ին կհանդիսանա Հայաստանում բավականին զարգացած շուկայական հարաբերությունների, որոշակի չափանիշներին հանրապետության տնտեսության համապատասխանության, այլ պետությունների հետ տնտեսական համագործակցության պատրաստակամության եւս մեկ վկայություն: Անդամակցությունը ՀԱԿ-ին գրավիչ գործոն կդառնա նաեւ միջազգային ներդնողերի եւ մասնավոր գործարարների համար, նշել է դիվանագետը: Միեւնույն ժամանակ դեսպանը նկատել է, որ դեռեւս գոյություն ունեն մի շարք գործոններ, որոնք պետք է նպաստեն երկրի տնտեսության զարգացմանը, որոնք Հայաստանը չի կարող ինքնուրույն կարգավորել` Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը, սահմանների եւ տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը: Նշենք, որ այսօր Ժնեվում բացվում է Համաշխարհային առեւտրի կազմակերպության եզրափակիչ նիստը, որի ժամանակ կքննարկվի նաեւ Հայաստանի անդամակցության հարցը: