Նորվեգիան սահմանային հսկողություն կսահմանի Շենգենի գոտու ներսում փախստականների հոսքի պատճառով: Այս մասին հայտարարել է կառավարության ղեկավար Էռնա Սուլբերգը, հայտնում է Reuters-ը:
Նոյեմբերի 26-ից ոստիկանությունը կսկսի ստուգել Դանիայից, Գերմանիայից և Շվեդիայից Նորվեգիա ժամանող մարդկանց փաստաթղթերը:
Այս որոշումը կապված է փախստականների մեծ ներհոսքի հետ, հայտնում է Gazeta.ru-ն: «Շվեդիան ամրապնդում է սահմանները, ուստի մեզ համար կարևոր է, որ մեր սահմանները պաշտպանված լինեն: Դա և անվտանգության, և լաստանավերով ժամանող մարդկանց վերահսկելու միջոց է»,-ասել է Սուլբերգը:
Ավելի վաղ Շվեդիայի միգրացիոն վարչությունը հայտնել էր, որ այլևս չի կարող կացարանով ապահովել փախստականների: Շվեդիայի ՆԳՆ ղեկավարը հայտարարեց, որ երկրում նախատեսվում է 20 օրով երկարացնել արդեն գործող սահմանային հսկողությունը:
ՄԱԿ տվյալներով, միայն 2015 թվականին ավելի քան 300 հազար փախստական է ժամանել Եվրոպա՝ պատերազմից և սովից փրկվելու նպատակով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նրանց քանակը մոտ 123,5 հազար էր, իսկ ամբողջ 2014-ին եղել է 280 հազար: Առաջին անգամ վերջին ամիսների ընթացքում հուլիսին ԵՄ ժամանած միգրանտների քանակը հատեց 100 հազարի սահմանն ու կազմեց 107,5 հազար:Նրանցից 2 հազար 500-ը մահացել է Եվրոպա հասնելու ճանապարհին:
Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից հետո:






