AM
21 November 2002 - 14:54 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՁԵՎԱՉԱՓԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՕԳՏԻՆ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի ձեւաչափը պետք է պահպանվի: Այդ մասին հայտարարել է ՌԴ առաջին փոխարտգործնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը ԵԱՀԿ գործող նախագահ, Պորտուգալիայի արտգործնախարար Անտոնիո Մարտինես դա Քրուզի հետ խորհրդատվությունների ավարտից հետո: Ինչպես հաղորդում է ռուսական «Նովոստի» լրատվական գործակալությունը, ռուսաստանցի դիվանագետը նշել է, որ պորտուգալացի գործընկերները «բավականին լավ են պատկերացնում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ճանապարհին գոյություն ունեցող դժվարությունները»: Ռուսաստանը հույս ունի, որ «այդ խնդրի լուծման ոչ մի լրացուցիչ ձեւաչափ» չի ստեղծվի, քանի որ գործող «եռյակի» շրջանակներում, որում ներառված են Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, «արդեն մշակվել են համատեղ աշխատանքի եղանակներ, գտնվել է ընդհանուր լեզու եւ ընդհանուր ըմբռնում»: Ռուսաստանի առաջին փոխարտգործնախարարը հաղորդել է, որ նոյեմբերի 21-ին Պրահայում կկայանա «եռյակի» հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի հետ: «Դա խոսում է այն մասին, որ մենք չենք դադարեցնում այդ ամենեւին էլ ոչ պարզ հարցի լուծմանն ուղղված մեր ջանքերը», – ընդգծել է նա: