Մեծ Բրիտանիայի ՌՕՈւ ինքնաթիռներն առաջին ավիահարվածներն են հասցրել Սիրիայում` «Իսլամական պետության» դեմ գործողություն իրականացնելու վերաբերյալ Բրիտանիայի խորհրդարանի որոշումից ընդամենը ժամեր անց, հայտնում է BBC-ին երկրի պաշտպանության նախարարության վրա հղումով:
Ռազմական գերատեսչության ներկայացուցիչը հստակեցրել է, որ «ինքնաթիռները վերադարձել են Սիրիայում առաջին գործողությունից»: Նա նշել է, որ ավելի մանրամասն այդ մասին նախարարությունը կտեղեկացնի ավելի ուշ:
Tornado տիպի 4 ինքնաթիռ օդ է բարձրացել Կիպրոսում Մեծ Բրիտանիայի ՌՕՈւ ավիաբազայից խորհրդարանի որոշումից անմիջապես հետո: Յուրաքանչյուրը 3 ռումբ է կրել: 2 ինքնաթիռ վերադարձել է ռազմակայան արդեն 3 ժամ անց, հայտնոմ է ՌԲԿ-ն:
Դեկտեմբերի լույս 3-ի գիշերը Մեծ Բրիտանիան քվեարկեց հօգուտ ռազմական գործողության Սիրիայում: Կողմ քվեարկեց 397 պատգամվոր, 223-ը` դեմ:
Ավելի վաղ Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը հայտարարել էր, որ Փարիզի ահաբեկչություններից հետո Մեծ Բրիտանիան պետք է նորից մտածի Սիրիայում «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ ռազմական գործողություններին մասնակցելու մասին: «Ֆրանսիայի պայքարը մեր պայքարն է, այդ ահաբեկչությունները կատարվել են մեզնից երկու ժամվա հեռավորության վրա՝ մեր դռների մոտ: Մենք պետք է վերանայենք բոլոր տարբերակները, թե ինչպես կարող ենք միանալ այդ պայքարին», – ասել է Ֆելոնը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
2013 թվականին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը դեմ քվեարկեց Սիրիայում Միացյալ Թագավորության ռազմական միջամտությանը:






