AM
3 Դեկտեմբեր 2015 - 08:53 AMT

ԶԼՄ-ներ. Լավրովը Բելգրադում կհանդիպի Թուրքիայի ԱԳ նախարարի հետ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 3-ին Բելգրադում ընթացող ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի շրջանակում կհանդիպի Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, հայտնել է ՌԻԱ Նովոստին սեփական աղբյուրի վրա հղումով:

«Թուրքական կողմի բազմաթիվ խնդրանքներից հետո Սերգեյ Լավրովը համաձայնվել է կարճատև հանդիպում ունենալ թուրքական ԱԳՆ ղեկավարի հետ Բելգրադում ընթացող ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակում»,-ասել է աղբյուրը ՌԴ պատվիրակությունից:

Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից: Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական ինքնաթիռի ողբերգությունը ամենալուրջ հետևանքները կունենա Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների համար:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 28-ին հրամանագիր է ստորագրել «ՌԴ քաղաքացիների ազգային անվտանգության ապահովման և ՌԴ քաղաքացիներին հանցավոր և այլ հակաիրավական գործողություններից պաշտպանելու և Թուրքիայի Հանրապետության դեմ հատուկ տնտեսական միջոցներ կիրառելու մասին»: Նախագահը հանձնարարել է կառավարությանը պատրաստել թուրքական արտադրության ապրանքների ցանկը, որոնց ներմուծումը ՌԴ կսահմանափակվի, ինչպես նաև թուրքական ընկերությունների այն աշխատանքների և ծառայությունների ցուցակը, որոնց գործունեությունը կարող է արգելվել: