AM
3 Դեկտեմբեր 2015 - 09:22 AMT

Ֆրանսիան կարող է փոխել սահմանադրությունն` արտակարգ դրությունը երկարացնելու համար

Ֆրանսիայի իշխանությունները կարող են փոփոխություններ կատարել երկրի սահմանադրության մեջ, որոնք թույլ կտան մինչև 6 ամիս ժամկետով երկարացնել երկրում ահաբեկչություններից հետո գործող արտակարգ դրությունը, քանի որ մինչ այժմ գործող կարգով այն չի կարող գերազանցել 3 ամիսը:

Ինչպես հայտնել է «Ֆրանս պրեսը» կառավարությունում իր աղբյուրների վրա հղումով, փոփոխությունների նախագիծը կարող է նախարարների կաբինետի քննարկմանը ներկայացվել դեկտեմբերի 23-ին:

Ֆրանսիայի Սենատը նոյեմբերի 20-ին հավանություն է տվել արտակարգ դրության մասին օրենքում փոփոխություններին, որոնք թույլ կտան երկարացնել Փարիզում գործող արտակարգ դրությունը 3 ամսով: Արտակարգ դրության ռեժիմ Ֆրանսիայի տարածքում հայտարարվեց նախարարների կաբինետի որոշմամբ նախագահ Օլանդի առաջարկով նոյեմբերի 13-ի ահաբեկչություններից հետո: Ըստ Ֆրանսիայի օրենսդրության, այս ռեժիմը կարող է սահմանվել միայն 12 օրով, հակառակ դեպքում`գործողությունը երկարացնելու մասին որոշումը կայացնում է խորհրդարանը:

Ավելի վաղ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Բերնար Կազնյովն ու վարչապետ Մանուել Վալսը չէին բացառել արտակարգ դրությունը երկարացնելու հնարավորությունը, եթե ահաբեկչական սպառնալիքը պահպանվի, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ, մոտ 350 հոգի վիրավոր է։Ֆրանսիայում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված: Ֆրանսիայի նախագահ Օլանդը պատերազմ է հայտարարել է ահաբեկչական «Իսլամական պետությանը», որը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը: