Դեկտեմբերի 3-ին ՌԴ Դաշնային ժողովին ամենամյա ուղերձում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները պատասխան են տալու Սիրիայում ռուս զինծառայողների մահվան համար:
Թուրքիան դեռ շատ է փոշմանելու Սու-24 ռմբակոծիչի խոցման համար, հայտարարել է նա: «Մենք դեռ բազմիցս ենք հիշեցնելու, թե ինչ են նրանք արել, և նրանք դեռ շատ են փոշմանելու կատարվածի համար»,-ասել է նախագահը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նա նշել է, որ թուրք ժողովրդին բարեկամ է համարում: «Թուրք ժողովուրդը բարի է, աշխատասեր ու տաղանդավոր: Թուրքիայում մենք բազում վաղեմի բարեկամներ ունենք: Նշեմ` նրանք պետք է իմանան, որ մենք հավասարության նշան չենք դնում իրենց և այսօր իշխող վերնախավի միջև, որն անմիջական պատասխանատվություն է կրում Սիրիայում մեր զինծառայողների մահվան համար»,-ասել է Պուտինը:
Խոսելով Անկարայի գործողությունների մասին` Պուտինն ասել է, որ չի հասկանում թուրք զինվորականների դրդապատճառները: «Միայն Ալլահը գիտի, թե ինչու նրանք դա արեցին: Եվ, հավանաբար, Ալլահը որոշեց պատժել Թուրքիայի իշխող հանցախմբին` զրկելով խելքից ու բանականությունի»,-ասել է նա, հայտնում է ՌԲԿ-ն:
ՌԴ նախագահը նաև ասել է, որ Մոսկվայից չեն ստանա «նյարդային, հիստերիկ, իրենց ու ամբողջ աշխարհի համար վտանգավոր արձագանք»:
Պուտինն ասել է, որ «գործողությունների հիմքում լինելու է պատասխանատվությունը սեփական երկրի ու ժողովրդի առջև: Մենք չենք պատրաստվում զենք ճոճել»:
Սու-24-ի խոցումից հետո Մոսկվան պատրաստ է լրացուցիչ միջոցների Թուրքիայի դեմ:
«Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ստոր ռազմական հանցագործություն կատարելով, սպանելով մեր մարդկանց, նրանք լոլիկով կպրծնեն կամ ինչ-որ սահմանափակումներով շինարարական և այլ ոլորտներում, ապա չարաչար սխալվում են»,-ասել է Պուտինը:
Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից: Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական ինքնաթիռի ողբերգությունը ամենալուրջ հետևանքները կունենա Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների համար:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 28-ին հրամանագիր է ստորագրել «ՌԴ քաղաքացիների ազգային անվտանգության ապահովման և ՌԴ քաղաքացիներին հանցավոր և այլ հակաիրավական գործողություններից պաշտպանելու և Թուրքիայի Հանրապետության դեմ հատուկ տնտեսական միջոցներ կիրառելու մասին»: Նախագահը հանձնարարել է կառավարությանը պատրաստել թուրքական արտադրության ապրանքների ցանկը, որոնց ներմուծումը ՌԴ կսահմանափակվի, ինչպես նաև թուրքական ընկերությունների այն աշխատանքների և ծառայությունների ցուցակը, որոնց գործունեությունը կարող է արգելվել:






