AM
3 December 2015 - 12:24 AMT

The Banker. Ամերիաբանկը` Հայաստանի 2015-ի լավագույն բանկ

Դեկտեմբերի 2-ին Լոնդոնում կայացել է Financial Times հեղինակավոր կազմակերպության The Banker ամսագրի մրցանակաբաշխությունը, որի ընթացքում Հայաստանի 2015-ի«Տարվա լավագույն բանկ» ճանաչվեց Ամերիաբանկը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

The Banker-ի մրցանակաբաշխությունն աշխարհում հանդիսանում է բանկային գործունեության զարգացման ամենաբարձր գնահատականը, և այն անցկացվում է արդեն 16-րդ տարին անընդմեջ:

Ինչպես նշում են մրցույթի կազմակերպիչները, «Տարվա լավագույն բանկ» տիտղոսն Ամերիաբանկին շնորհվել է մի շարք չափանիշներով, դրանց թվում նաև բանկի կողմից առաջարկվող նորարարական «խելացի» լուծումներն են, որոնք էականորեն խնայում են հաճախորդի ժամանակը: Կարևորվել է նաև այն հանգամանքը, որ Ամերիաբանկը սերտորեն համագործակցում է այնպիսի միջազգային խոշոր կառույցների հետ, ինչպիսիք են Վերակառուցման և զարգացման եվրոպական Բանկը, Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերությունը` վերջինիս հետ կնքելով փոխարկելի ստորադաս փոխառության պայմանագիր, որը ՀՀ բանկային համակարգի պատմության մեջ առաջին անգամ էր իրականացվում:

Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշում է. «Ամերիաբանկն ամրապնդել է իր առաջատարի դիրքերը մի շարք առանցքային ֆինանսական ցուցանիշներով: Մեր հաջողության հիմնական բանալին Բանկի` հաճախորդին միտված քաղաքականությունն է. մատուցվող ծառայությունների որակ, արհեստավարժ անձնակազմ, շարունակական ինովացիաներ, բալանսավորված ռիսկերի կառավարում: Այս հատկանիշներով է, որ մենք վաստակել ենք մեր հաճախորդների վստահությունը: Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև CR2 ընկերության հետ կնքած հեռահար բազմաֆունկցիոնալ բանկային ծառայությունների նոր համակարգի ներդրման պայմանագիրը: Ինչը նշանակում է, որ 2016թ.-ին հեռահար բանկային ծառայություններից օգտվելու համար լիովին նոր հնարավորություններ կստեղծվեն, դա էլ իր հերթին կնպաստի առհասարակ հեռահար բանկային սպասարկման մշակույթի զարգացմանը Հայաստանում»:

Մրցանակաբաշխության ժամանակ Ամերիաբանկին շնորհվեց հավաստագիր և մրցանակ` Բրենդեն Բրեքենի արձանիկի տեսքով, որը եղել է The Banker ամսագրի հիմնադիրն ու խմբագիրը, իսկ 1945-1958թթ.` Financial Times-ի նախագահը: