Թուրքիան պայմանավորվել է Ադրբեջանի հետ արագացնել Անդրանատոլիական խողովակաշարի (TANAP) կառուցման աշխատանքները, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ավարտին:
«Բաքուն և Անկարան համաձայնվել են արագացնել Անդրանատոլիական գազատարի շինարարությունը: Բանակցությունների արդյունքում էներգետիկայի նախարարների առջև խնդիր է դրվել, որպեսզի TANAP-ը նախատեսված 2018 թվականից շուտ գործարկվի»,-հայտարարել է Դավութօղլուն Բաքվում:
«Ադրբեջանը կկարողանա ավելի շատ գազ արտահանել սկզբից Թուրքիա, իսկ հետո` Եվրոպա: Թուրքիան և Եվրոպայի երկրները նոր այլընտրանքային աղբյուր կունենան»,-իր հերթին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այս պայմանավորվածությունները ձեռք են բերվել «Թուրքական հոսքի» շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունների դադարեցման ֆոնին, որը հաջորդեց թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի կործանմանը: Այն մասին, որ բանակցությունները դադարեցվել են դեկտեմբերի 3-ին պաշտոնապես հայտարարեց Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
«Թուրքական հոսք» գազատարը, որի միջոցով ռուսական գազը պետք է մատակարարվեր Եվրոպա, ժամանակավորապես սառեցվել է: 2014-ի դեկտեմբերին Պուտինը Թուրքիայում հայտարարեց, որ ռուս-թուրքական էներգետիկ գործակցությունն այժմ դուրս է եկել ռազմավարական մակարդակի, որ Ռուսաստանը լրացուցիչ գազ կմատակարարի Թուրքիային, դրա համար նոր գազատար կկառուցվի: Հաջորդ տարվա հունվարից Թուրքիայի համար գազի գինը կիջեցվի 6 տոկոսով, հայտարարեց ՌԴ նախագահը, հավելելով, որ Ռուսաստանը դադարեցնում է «Հարավային հոսք» նախագծի իրականացումը և կվերաուղղորդի իր էներգետիկ մատակարարումները դեպի այլ շուկաներ: Թուրքիան ռուսական գազը գնում էր $380 1000 խմ դիմաց, ՌԴ-ն առաքում է այդ երկրում սպառվող գազի 43-46%-ը: 2015-ի մայիսին Ռուսաստանը նոր զեղչ սահմանեց` նվազեցնելով գինը մինչև $260 1000 խմ դիմաց:






