Հայտնի WikiLeaks պորտալն իր աղբյուրների վրա հղումով տեղեկատվություն է տարածել, որի համաձայն Թուրքիայի իշխանություններն, իբր, մտադիր էին գրոհել ՌԴ ինքնաթիռները դեռ հոկտեմբերին:
WikiLeaks-ի տարածած տեղեկատվությունը միջադեպի մասին ստացվել է Ֆուադ Աբնիից, որը Թուրքիայի իշխանական շրջանակներից ազդեցիկ աղբյուրի ծածկանունն է: «Հոկտեմբերի 10-ին, ռուսական ինքնաթիռի խոցումից 6 շաբաթ առաջ, թուրքական աղբյուրը Twitter-ում գրել էր Թուրքիայի նախագահ էրդողանի ռուսական ինքնաթիռ խոցելու մտադրության մասին»,-ասվում է WikiLeaks-ի Twitter-ի միկրոբլոգում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից:
Նոյեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը Սիրիայի Հմեյմիմ ավիաբազա կուղարկի С-400 նորագույն զենիթահրթիռային համակարգեր: Նոյեմբերի 26-ին Ռուսաստանն արդեն տեղակայել էր Սիրիայում նորագույն С-400 զենիթահրթիռային համակարգը, որը դեռ նմանը չունի աշխարհում: С-400 համակարգը «Մոսկվա» հրթիռային հածանավի «Ֆորտ» համալիրի հետ միասին ապահովում է ռուսական ավիախմբի թռիչքների անվտանգությունը և կոչնչացնի սպառնալիք ներկայացնող ցանկացած թիրախ:






