AM
10 Դեկտեմբեր 2015 - 07:12 AMT

ԶԼՄ-ներ. Թուրքական ինքնաթիռները ռմբակոծել են Իրաքի տարածքը

Թուրքական կործանիչները խախատել են Իրաքի օդային տարածքը և ռմբակոծել են սահմանամերձ տարածքները: Այդ մասին հայտարարել է իրանական Fars գործակալությունը:

Դա տեղի է ունեցել Դահուկ գավառի Ալ Իմադիա տարածքում: «Ըստ ականատեսների, ավիահարվածները տևել են մոտ կես ժամ, ռմբակոծվել են Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինների դիրքերը Դեյրլուկ և Շիլաջի շրջաններում»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է Lenta.ru-ն:

Դեկտեմբերի 8-ի երեկոյան թուրքական ինքնաթիռները գրոհել են ՔԱԿ ռազմակայանը լեռնային Ղանդիլում (Իրաքյան Քրդստան), նշում է գործակալությունը իրազեկ աղբյուրների վրա հղումով:

Իրաքն ու Թուրքիան պետք է իրենք կարգավորեն թուրքական զորքերի ներկայության մասին հարցը, դեկտեմբերի 8-ին հայտարարել էր ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

Իրաքի վարչապետ Ալ Աբադին իր հերթին դիմել է ՆԱՏՕ-ին` հորդորելով «օգտագործել իր բարոյական հեղինակությունը» ստիպելու համար Թուրքիային դուրս բերել զորքերն Իրաքի հյուսիսից:

Դեկտեմբերի 4-ին թուրքական իշխանությունները 130 զինվորական են գործուղել Մոսուլի շրջան` վարժեցնելու համար իրաքցի քրդերի մարտիկներին: «Թուրքիայի զինված ուժերը, որոնք տեղակայված էին Մոսուլի հարևանությամբ, ներխուժել են երկիր առանց համաձայնեցման և պետք է անհապաղ դուրս բերվեն»,-ասվում էր Իրաքի վարչապետի հայտարարության մեջ: Ավելի ուշ Reuters գործակալությունը ԱՄՆ ՊՆ-ում սեփական աղբյուրների վրա հղումով հայտարարեց, որ Թուրքիայի նախաձեռնությունը կապ չունի ԱՄՆ գլխավորած կոալիցիայի գործողությունների հետ, սակայն կոալիցիան զգուշացվել էր այն մասին, որ Թուրքիան զինուժ է ուղարկում այդ տարածք:

Իրաքի նախագահ Ֆուադ Մաասումը պահանջել է անհապաղ դուրս բերել թուրքական ստորաբաժանումներն Իրաքի տարածքից` որակելով դա որպես «միջազգային նորմերի և իրավունքների խախտում»: Նա 48 ժամ է տվել ստորաբաժանումները դուրս բերելու համար` զգուշացնելով, որ հակառակ դեպքում կդիմի ՄԱԿ ԱԽ: Ավելի ուշ ԶԼՄ-ները հայտնեցին, որ Թուրքիայի իշխանությունները հայտարարում են, որ դուրս չեն բերելու զինծառայողներին Իրաքի հյուսիսից: