AM
10 Դեկտեմբեր 2015 - 09:14 AMT

Իսրայելի ԱԳ նախկին նախարար. Թուրքիայի հետ մերձեցումը քաղաքական հիմարություն կլինի

Իսրայելի ԱԳ նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ Թուրքիայում գործող քաղաքական ռեժիմի հետ մերձենալու գաղափարը հիմարություն է: «Ըստ իս, Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման համար ռուս-թուրքական ճգնաժամից օգտվելու գաղափարը, որն ըստ որոշ ԶԼՄ-ների, առաջ են տանում Իսրայելի պաշտոնյաները, քաղաքական հիմարություն է»,-գրել է Լիբերմանը Facebook-յան իր էջում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Քաղաքական գործիչը նման մոտեցումը համարում է անհեռատես և անհեռանկար: Նա նշել է, որ սիրիական հակամարտության հենց սկզբից Իսրայելի ԱԳՆ-ն «հստակ չեզոք քաղաքականություն է վարել հակամարտող բոլոր կողմերի հանդեպ»: Թուրքիան Էրդողանի կառավարման օրոք թշնամաբար է տրամադրված Իսրայելի քաղաքականության հարցում և սատարում է «ՀԱՄԱՍ» շարժմանը, հայտարարել է Իսրայելի ԱԳՆ նախկին ղեկավարը:

«Թուրքիան սատարում է ծայրահեղական իսլամին ամբողջ աշխարհում և ԻՊ դեմ պայքարի քողի տակ ոչնչացնում է քրդերին: Թուրքիան «Իսլամական պետության» գլխավոր միջնորդն է նավթի առևտրում և ըստ էության հովանավորում է այդ կազմակերպությանը»,-կարծում է Լիբերմանը:

Նա կարծում է, որ «շրջադարձը» դեպի Թուրքիա Մոսկվայի կտրուկ արձագանքին կարժանանա:

«Այդ գաղափարը ես համարում եմ անմիտ և նույնիսկ վտանգավոր, քանի որ այն կարող է լուրջ վնաս հասցնել Իսրայելի շահերին: Այդ գաղափարն առաջարկողները ունակ չեն նույնիսկ 2 քայլ առաջ հաշվարկել իրավիճակը»,-ասել է Լիբերմանը:

Դեկտեմբերի 9-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարեց, որ իր երկիրը Թուրքիային բնական գազ մատակարարելու հարցի շուրջ բանակցություններ է վարում Անկարայի հետ: Թուրքիան այլընտրանք է որոնում «Երկնագույն հոսքին», թեև Մոսկվան դեռ չի դադարեցնում գազի առաքումը:

Մինչդեռ հունվարին Թուրքիան հրաժարավեց ստորագրել հակասեմականության դեմ համաեվրոպական հռչակագիրը: Թուրքիայում մոտ 15 հազար հրեա է ապրում, որը նույնիսկ բնակչության մեկ տոկոսը չի կազմում: Հակասեմականությունը Թուրքիայում աճում է մասնավորապես նաև մերձավորարևելյան ճգնաժամի ֆոնին: Նորագույն պատմության մեջ հակասեմականության ամենամեծ աճը գրանցվել է Արդարության ու զարգացման կուսակցության օրոք: Ամենավառ դրվագներից էր բախումը «Մավի Մարմարա» նավի շուրջ, որը Իսրայել էր ուղևորվում հակառակ իսրայելյան կողմի արգելքի ու գրոհի ենթարկվեց Իսրայելի կողմից: