Կառավարությունը հաստատել է «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիները» ծրագիրը: Կառավարության նիստի սկզբում Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը մանրամասն ներկայացրել է ծրագիրը, հայտնում է Tert.am-ը:
Նախարարի խոսքով՝ նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է 2013-2014թթ. ընթացքում վառելիքաէներգետիկ շուկայում և էներգետիկ համակարգում կիրառվող տեխնոլոգիաների ոլորտում արձանագրված զարգացումներով, ինչպես նաև տարածաշրջանային ինտեգրման խորացման և ընդլայնման նկատվող միտումներով:
Երվանդ Զախարյանը տեղեկացրել է, որ փաստաթղթի մշակման անհրաժեշտությունը հիմնավորված է նաև նրանով, որ նոր ատոմային բլոկի շահագործման հանձնելու գործընթացը տևում է առնվազն 10 տարի և համապատասխան որոշում կայացնելու համար կառավարությանը հարկավոր է ունենալ երկրի վառելիքաէներգետիկ համալիրի երկարաժամկետ զարգացումների և ռիսկերի տեսլականը:
Նոր ատոմային բլոկ կառուցելու վերաբերյալ որոշումն ընդունվել է կառավարության նախորդ նիստում: Նախագծի արձանագրության մեջ շեշտվում է, որ զարգացման պլանավորման ժամանակահատվածը կազմում է 20 տարի:
Ինչ վերաբերում է ծրագրի նպատակներին, ապա, արձանագրության մեջ ընդգծված է, որ նպատակն է ունենալ ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ` մինչև 2036թ. զարգացման տեսլական, որը նպատակաուղղված կլինի ապահովել Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությունը՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթներին համահունչ:
Այս ծրագիրը կարևորեց նաև վարչապետ Աբրահամյանը՝ նկատելով, որ էներգետիկ համակարգը տնտեսության հիմքն է. «Այս ծրագրի համար և՛ Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունը, և՛ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID), և՛ նախարարությունը, և՛ տարբեր կառույցներ մեծ աշխատանքներ են կատարել, որի համար շնորհակալ եմ»։
Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1980թ.-ին՝ 30 տարի շահագործման նախագծային ժամկետով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ էներգաբլոկը 1989–1995թթ. ժամանակահատվածում չի աշխատել, ինչպես նաև այն, որ նոր միջուկային էներգաբլոկի կառուցումը հետաձգվել է, ՀՀ կառավարությունը որոշել էր շահագործման ժամկետի ավարտը սահմանվել է 2016թ.:
Ռուսաստանն ու Հայաստանը դեկտեմբերի ԱԷԿ–ի 2–րդ բլոկի շահագործման ժամկետը երկարացնելու վերաբերյալ գործակցության համաձայնագիր են ստորագրել: Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը լրանում է 2016-ի սեպտեմբերին։ Համաձայնագրով նախատեսվում է դրա շահագործման ժամկետի երկարաձգում:






