AM
10 Դեկտեմբեր 2015 - 10:53 AMT

Գրոհայինները հեռանում են սիրիական Հոմսից

Սիրիական Հոմս քաղաքի հյուսիսային Ալ Ուաեր թաղամասից 272 գրոհային է հեռացել` տանելով ընտանիքների անդամներին, ևս 500 մարդու, հայտնում է ՌԻԱ Նովոստին Հոմսի նահանգապետ Թալալ ալ Բարազիի վրա հղումով: «Պայմանավորվածությունների առաջին փուլով դադարեցվել են բոլոր մարտական գործողությունները, այժմ այն ծայրահեղականները, որոնք համաձայն չեն հրադադարի` 100 գրոհային և նրանց ընտանիքների 447 անդամ, այդ թվում կանայք և երեխաներ, հեռացել են, թաղամասը լքել է նաև թեթև հրազենային վնասվածքով 172 գրոհային, նրանք հեռացել են դեպի Համայի հյուսիսային շրջաններ»,-ասել է նահանգապետը:

Ըստ Ալ Բարազիի, հրադադարի պայմանների վերջնական համաձայնեցումից հետո Ալ Ուաերից 6 շաբաթում պետք է հեռանա մոտ 2000 գրոհային: «Այդպիսով, Հոմս քաղաքն ամբողջությամբ կմաքրվի զինյալ խմբավորումներից»,-ասել է Հոմսի ղեկավարը:

Քաղաքային իշխանությունները ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ կսկսեն 6 շաբաթից: Իշխանությունների խնդիրն է սեղմ ժամկետում ջրով և էլեկտրաէներգիայով ապահովել բնակելի տները:

Ալ Ուաերում 75 հազար բնակիչ կա, այն Հոմսում զինյալներին ենթակա վերջին շրջանն էր:

Խաղաղ համաձայնությունը Ալ Ուաերում հնարավոր դարձավ, քանի որ 2013-ին նման պայմանավորվածություն էր ձեռք բերվել Հոմսի հին թաղամասերում, որից հետո սակայն տարաձայնություններ սկսվեցին գրոհայինների ջոկատների միջև: Սիրիական բանակն ու աշխարհազորը չեն գրոհել շրջանը, քանի որ այնտեղ շատ էին քաղաքացիական անձիք:

Ա. Ուաերի հրադադարի արդյունքում Հոմսն ամբողջությամբ կազատագրվի ահաբեկչական խմբավորումներից և անվտանգության երաշխիք կհանդիսանա գավառի կենտրոնական մասում` բացառությամբ Հոմսի հյուսիսային արվարձանի: Սա երկրորդ խոշոր հրադադարն է սիրիական հակամարտության ընթացքում:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

Սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին: