AM
11 Դեկտեմբեր 2015 - 09:23 AMT

ՌԴ ՊՆ-ն հերքել է Վրաստանի օդային տարածքը խախտելու մասին տեղեկությունը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Վրաստանի ռազմական գերատեսչության հայտարարությունն այն մասին, թե իբր ռուսական ռազմական ուղղաթիռը խախտել է Վրաստանի օդային տարածքը:

«Վերջին 24 ժամում Վրաստանի սահմանին հարակից տարածքում ռուսական ուղղաթիռները ոչ մի թռիչք չեն կատարել: Պատահական չէ, որ Վրաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների մեղադրանքներում ամբողջ օրվա ընթացքում նույնիսկ մոտավոր չի նշվել այն վայրը, որտեղ խախտվել է Վրաստանի օդային տարածքը»,-հայտարարել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայության և տեղեկատվության վարչության պետ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, հայտնում է Interfax-ը:

Ըստ նրա, միայն ավելի ուշ, երբ տեղեկություն հայտնվեց այն մասին, թե իբր ռուսական ռազմական ուղղաթիռը նկատվել է Մերեթի_Զարդիանթքարի գյուղի շրջանում, պարզվել է, որ Վրաստանի պաշտպանության նախարարությունն իմացել է այդ մասին «սարաֆանային ռադիոյի» միջոցով`տեղի բնակիչներից, որոնք հայտնել են այդ մասին ոստիկանին: «Խորհուրդ կտայինք մեր վրաց գործընկերներին հաջորդ անգամ բարձրագոչ հայտարարություններ անելուց առաջ հենվել օբյեկտվ հսկողության, մասնավորապես, ռադիոտեղորոշիչ միջոցների տվյալների վրա»,-ասել է Կոնաշենկովը:

Դեկտեմբերի 10-ին Վրաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ երկրի օդային տարածքը խախտել է ռուսական Մի-8 ուղղաթիռը, որն անցել է ոստիկանության շենքի վրայով, որը գտնվում է Գորիի շրջանի Մերեթի գյուղում: «Սա սադրիչ քայլ է ընդդեմ ինքնիշխան պետության և հերթական անգամ հասատում է, որ ՌԴ-ն ոտնահարում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերն ու սկզբունքները»,-ասվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Վրաստանի ՊՆ-ն հաղորդել էր նաև, որ «ռուսական ուղղաթիռը հատել է օկուպացիոն գիծն ու մի քանի րոպե անց հետ վերադարձել»: