Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան հանդարտության կոչ է անում Ռուսաստանին, հայտնում է Gazeta.ru-ն:
Նա նշել է, որ թուրքական կողմի համբերությունն անսպառ չէ: «Ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո Ռուսաստանը մտադիր է օգտագործել ցանկացած հնարավորություն: Սակայն մեր համբերությունն անսահման չէ»,-ասել է Չավուշօղլուն:
Թուրքիայի արտգործնախարարը հավելել է նաև, որ թուրք զինվորականներն Իրաքի տարածքում են այն պատճառով, որ աճել են երկրի անվտանգությանը սպառնացող վտանգները:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հերթական անգամ հայտարարեց, որ Թուրքիան պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ կանխելու համար ռուսական Սու-24-ի խոցման նման միջադեպերը:
Մինչդեռ դեկտեմբերի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է Սիրիայում ռուս զինծառայողներին սպառնալիքի դեպքում ծայրահեղ կոշտ գործել: «Ցանկանում եմ զգուշացնել նրանց, ով կփորձի ինչ-ինչ սադրանքներ կազմակերպել մեր զինծառայողների դեմ: Հարվածային ավիացիայի բոլոր գործողություններն իրականացվում են կործանիչների ուղեկցությամբ: Հրամայված է ծայրահեղ կոշտ գործել: Ռուսական խմբավորմանը կամ ցամաքային ենթակառուցվածքներին սպառնացող ցանկացած թիրախ ենթակա է անհապաղ ոչնչացման»,-ասել է Պուտինը ՌԴ ՊՆ կոլեգիայի նիստում:
Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ վատթարացան, երբ թուրքական օդուժը խոցեց ռուսական Սու-24 ինքնաթիռը Սիրիայի երկնքում:
Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից:






