AM
14 Դեկտեմբեր 2015 - 11:12 AMT

Իրանցի հոգևորական. Եթե Ադրբեջանը չհարգի մարդկանց կրոնական իրավունքը, բախումներ կլինեն

Եթե Ադրբեջանը չհարգի մարդկանց կրոնական իրավունքները, ապա բողոքի ցույցեր և բախումներ կլինեն: Այս մասին հայտարարել է իրանցի ազդեցիկ հոգևորական այաթոլլահ Մաքարեմ Շիրազին:

Իրանցի ազդեցիկ հոգևորականը, անդրադառնալով նոյեմբերի 26-ին Ադրբեջանի Նարդարան ավանում ոստիկանական ուժերի մասնակցությամբ տեղի ունեցած արյունալի բախմանը, մասնավորապես նշել է. «Ադրբեջանի կրոնական և պետական գործիչների հետ ունեցած հանդիպումների ընթացքում ես միշտ նրանց ասել եմ, որ մեր ցանկությունն այն է, որպեսզի մուսուլմանական, հատկապես՝ հարևան երկրներում կայունություն լինի», իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությանը հղումով մեջբերում է Panorama.am-ը:

Դեկտեմբերի 1-ին Ադրբեջանի ներքին զորքերի ուժեղացված ստորաբաժանումները մուտք են գործել Նարդարան ավան, որտեղ անցած շաբաթ հավատացյալների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախման հետևանքով 7 մարդ է զոհվել:

Այաթոլլահ Շիրազին հավելել է. «Ադրբեջանի իսլամական պետության պաշտոնյաները պետք է հարգեն մարդկանց կրոնական իրավունքներն ու զգացմունքները, քանի որ, եթե կրոնական հարցերում (հեջաբ, նամազ, սգո ծեսեր) սահմանափակումներ և արգելքներ մտցվեն, ապա դրանք կարող են անկայունության, բողոքի ցույցերի և բախումների պատճառ հանդիսանալ»:

Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաքայինն էլ, անդրադառնալով Նարդարանի դեպքերի առնչությամբ Իրանի դիրքորոշմանը, մասնավորապես պատասխանել է. «Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հետ ունեցած հանդիպման ժամանակ պահանջել եմ, որպեսզի շիայական դրոշակների հանդեպ իրականացված անհարգալից վերաբերմունքի առնչությամբ իրենց մոտեցումները բարեփոխեն»:

Ավելի վաղ Արևելյան Ատրպատական նահանգում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ, այաթոլլա Մոջթահեդ Շաբեսթարին նախազգուշացրել էր, որ եթե Բաքուն շարունակի ճնշել շիաներին, ապա Իրանի Իսլամական Հանրապետության՝ Ադրբեջանական Հանրապետության հետ ունեցած փոխադարձ հարաբերությունները կվերանայվեն:

Բաքվից ընդամենը 25 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Նարդարանը հայտնի է իր խիստ իսլամապաշտ բնակչությամբ։ Խորհրդային տարիներից ի վեր մոտ 10 հազար բնակչություն ունեցող շրջանը կառավարվում է ավագների խորհրդի կողմից, որը չի ենթարկվում տեղական ինքնակառավարման մարմիններին։ Նարդարանի և պաշտոնական Բաքվի միջև լարվածությունը գագաթնակետին է հասել նոյեմբերի 26-ին, երբ ցերեկային նամազի ժամանակ Ադրբեջանի իրավապահները ներխուժեցին ավան, ինչն էլ հարուցեց հավատացյալների դժգոհությունը։ Ըստ ոստիկանության՝ հավատացյալները հարձակվել են իրավապահների վրա, զինված դիմադրություն են ցույց տվել, ինքնաձիգից կրակել են, ոստիկաններն էլ պատասխան կրակ են բացել:

Ադրբեջանական դատախազությունը պաշտոնական հայտարարությամբ պնդել է, որ Նարդարանի արմատական իսլամական զինված խումբը սադրանքների շարք էր նախապատրաստում՝ ահաբեկչական գործողություններ և զանգվածային անկարգություններ: