AM
21 Դեկտեմբեր 2015 - 09:12 AMT

Բաքվում փակվել են խանութներն ու դեղատները, բանկերը դադարեցրել են փոխանցումները

Ադրբեջանում մանաթի հերթական արժեզրկման պատճառով Բաքվի առևտրի կետերից շատերը, նույնիսկ դեղատները դադարեցրել են աշխատանքը: Փակ են նաև արժույթի փոխանակման կետերից շատերը: Փակվել են էլեկտրոնիկայի խանութները, որոշ տեղերում գներն արդեն բարձրացել են: Հավանաբար, դա կապված է թանկացումների հետ, հայտնում է contact.az-ը:

Ադրբեջանի կենտրոնական բանկը 2015-ի դեկտեմբերի 21-ից անցել է մանաթի լողացող փոխարժեքի: Մանաթի պաշտոնական փոխարժեքը դոլարի և եվրոյի համեմատ նվազել է գրեթե կիսով չափ: Դեկտեմբերի 18-ին 1 դոլարի արժեքը 1,05 մանաթ էր, իսկ դեկտեմբերի 21-ին արդեն` 1,55 մանաթ: 1 եվրոյի արժեքն է 1,68 մանաթ:

Մեծածախ վաճառքի ցանցերը դադարեցրել են ներմուծված ապրանքի վաճառքը: Մասնավորապես դադարեցվել է լիտվական Svalia կաթնամթերքի, ինչպես նաև ուկրաինական և բելառուսական ապրանքների վաճառքը, հայտնում է Haqqin.az-ը:

Բանկերը դադարեցրել են փոխանցումները: Դա անդրադարձել է նաև արտարժույթի հետ բանկային մյուս գործողությունների վրա, այդ թվում արժույթի փոխանակման:

Մանաթի փոխարժեքը կարող է էլ ավելի նվազել, քանի որ Ադրբեջանի կառավարությունը հաշվի չի առել պահանջարկի և առաջարկի հարաբերակցության հիմնարար գործոնները, չի ստեղծել իրական տնտեսություն: Արդյունքում կտրուկ նվազել է արտաքին առևտրի դրական սալդոն և արժույթի մուտքը երկիր, գրում է contact.az-ը:

Ադրբեջանական արժույթը կտրուկ անկում է ապրում ընթացիկ տարում արդեն երկրորդ անգամ` 2015-ի փետրվարին երկիրը հրաժարվեց արժույթի փոխարժեքը դոլարի հետ կապելուց, որից հետո մանաթն արժեզրկվեց 40 տոկոսով: 11 ամսում ադրբեջանական արժույթի փոխարժեքն անկում է ապրել գրեթե կրկնակի անգամ:

2014-ից ի վեր Ադրբեջանի ԿԲ արտարժութային պահուստները նվազել են 2,5 անգամ` մինչև 6,2 մլրդ: Գումարը հիմնականում ծախսվել է մանաթի փոխարժեքի պահպանման համար: