Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանը և Ադրբեջանը կկարողանան առարկայական երկխոսություն սկսել ղարաբաղյան կարգավորման սկզբունքների շուրջ: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
«Մենք այնուամենայնիվ հուսով ենք, որ կողմերն առարկայական երկխոսություն կսկսեն կարգավորման սկզբունքների վերաբերյալ»,-ասել է Լուկաշևիչը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նա նաև հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը «զգալի առաջխաղացում է» հակամարտության կարգավորման համար:
Դեկտեմբերի 19-ին շվեյցարական Բեռնում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Նախագահները քննարկել են վերջին շրջանում բռնությունների դեպքերը և հատուկ մտահոգություն են հայտնել զոհերի հետ կապված՝ այդ թվում և քաղաքացիական անձանց շրջանում՝ պայմանավորված ծանր զրահատեխնիկայի կիրառմամբ:
Նախագահներն իրենց աջակցությունն են հայտնել համանախագահների կողմից տարվող աշխատանքին այն առաջարկների շուրջ, որոնք ուղղված են շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին բռնության ռիսկերի նվազեցմանը՝ ներառյալ հետաքննությունների մեխանիզմ կիրառելուն:
Բեռնում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ կողմերի մոտեցումները չեն համընկնում: «Այս հանդիպման ժամանակ կողմերն արտահայտեցին իրենց մոտեցումները խնդրի կարգավորման վերաբերյալ եռանախագահների ներկայացրած տարբեր տարրերի ու սկբունքների շուրջ: Կարող ենք նորից վերահաստատել, որ կողմերի մոտեցումները մոտ չեն, չեն համընկնում: Բայց այստեղ Ադրբեջանի մոտեցումները ոչ միայն մոտ չեն Հայաստանի մոտեցումներին, այլև կարող ենք ասել, որ դրանք չեն համընկնում եռանախագահող երկրների առաջարկներին»,- ասել է Նալբանդյանը,
Ավելի վաղ բանակցություններն ամփոփող հայտարարություն էին տարածել Մինսկի խմբի համանախագահները: Տարածած հայտարարությունում, մասնավորապես, նշվում էր, որ նախագահներն իրենց աջակցությունն են հայտնել համանախագահների կողմից տարվող աշխատանքին այն առաջարկների շուրջ, որոնք ուղղված են շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին բռնության ռիսկերի նվազեցմանը՝ ներառյալ հետաքննությունների մեխանիզմ կիրառելուն:
Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը տեղի է ունեցել շփման գծում լարվածության աճի ֆոնին: ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ դեկտեմբերի 19-ի գիշերը և հաջորդ օրը հայ-ադրբեջանական սահմանին կրկին եղել է չափազանց լարված: Կիրառվել են հրետանային միջոցներ, տանկեր, հետ են մղվել մի քանի դիվերսիոն գործողություններ:






