Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավորներ Հիլմի Յարայըջըն և Իլհան Ջիհանները կուսակցության ղեկավարության հանձնարարությամբ զեկույց են կազմել Դիարբեքիրի Սուր կենտրոնական շրջանում ՔԲԿ-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն -PKK) զինյալների և թուրք ուժայինների միջև տեղի ունեցած և դեռ շարունակվող բախումների մասին:
Զեկույցում նշվում է, որ 2015-ի հունվարի 1-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում Սուր շրջանում թուրք ուժայինների և ՔԲԿ-ի զինյալների ու նրանց համակիրների բախումների հետևանքով մահացել է ընդհանուր առմամբ 523 մարդ: Մահացածներից 171-ը անվտանգության ուժերի աշխատակիցներ են, 195-ը` քուրդ զինյալ, իսկ 157-ը` խաղաղ բնակիչ Internethaber.com-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:
Զեկույցում ասվում է, որ եթե նախկինում բախումները տեղի էին ունենում սարերում ու դաշտավայրերում, ապա վերջին շրջանում քաղաքային բնակավայրերն են վերածվել պատերազմի թատերաբեմի և պետք է այս բախումների դեմն առնել, քանի դեռ դրանք ինտենսիվ պատերազմի չեն վերածվել:
Բախումների հետևանքով Թուրքիայի ներսում 200 հազար մարդ փախստական է դարձել: Միայն Սուր շրջանի` պարետային ժամ հայտարարված թաղամասերում բնակվող 24.000 մարդուց 22.000-ը լքել են իրենց տները:
ՔԱԿ և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:
ՔԱԿ-ն անկախության համար պայքար է մղում ժամանակակից Թուրքիայի արևելքում 80-ականներից ի վեր: Պատերազմի ընթացքում ավելի քան 40 հազար մարդ է զոհվել, թուրքական տնտեսությանը 1984 թ. ի վեր հասցված վնասը գնահատվում է 1 տրլն դոլար:






