Դեկտեմբերի 23-ին թուրքական Իսկենդերուն նավահանգստից հեռացել է նավը, որի վրա տեղակայված էին Գերմանիային պատկանող Patriot զենիթահրթիռային համակարգերը: Այս մասին հայտնել է Anadolu գործակալությունը նավահանգստում սեփական աղբյուրի վրա հղումով:
Ավելի վաղ Գերմանիայի կառավարությունը հայտարարել էր, որ ռազմական մանդատը, որի համաձայն թուրքական Կահրամանմարաշում տեղակայված էին Patriot զենիթահրթիռային համակարգեր և 250 անդամից բաղկացած անձնակազմը, սպառվում է 2016-ի հունվարին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
2015-ի հոկտեմբերին ԱՄՆ-ն Թուրքիայից դուրս բերեց 2013-ից այդ երկրում տեղակայված Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը։ Ավելի ուշ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ դեկտեմբերի 16-ից Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազայից դուրս են բերում ընդամենը մեկ ամիս առաջ այդ երկրի օդային սահմանների անվտանգությունն ապահովելու համար այնտեղ տեղակայած 12 միավոր F-15C կործանիչները:
Թուրքիան չունի սեփական միջին և մեծ հեռահարության ՀՕՊ համակարգեր: ՀՕՊ համակարգերի ձեռքբերման մրցույթ էր հայտարարվել դեռևս 2013-ին, որին մասնակցում էին նաև Patriot-ները: Սակայն թուրքերը նախ` մրցույթի հաղթող ճանաչեցին Չինաստանի արտադրած HQ-9 համակարգերը (Ս-300-ի չինական կրկնօրինակ), հետո ՆԱՏՕ-ի ճնշման տակ չեղյալ հայտարարեցին իրենց որոշումը, այն էլ մի քանի անգամ:






