AM
24 Դեկտեմբեր 2015 - 06:34 AMT

Զինված բախումները Թուրքիայում չեն դադարում

Թուրքիայի Ջիզրե քաղաքում արդեն 10 օր է պարետային ժամ է հայտարարված, և չնայած դրան՝ բախումները չեն դադարում:

Դեկտեմբերի 23-ին հայտարարվել է 4 զոհի մասին: Իսկ նախորդ օրը` 5 զոհի մասին: Պարբերականի խոսքով՝ դիերը փողոցներում են, դրանք չի հաջողվում տեղափոխել, հայտնում է Tert.am-ը «Ակոսի» վրա հղումով:

Ի աջակցություն Ջիզրեի բնակիչների՝ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Թուրքիայի տարբեր բնակավայրերում՝ մասնավորապես Վանում, Բինգյոլում: Սոցցանցերում տարածված տեսանյութում երևում է Վանում ոստիկանների ու ցուցարարների բախումը:

Վերջին ամիսներին իրավիճակը լարված է թուրքական ուժային կառույցների ու քուրդ զինյալների միջև: Իրավիճակը լարված է հատկապես Դիարբեքիրում, Ջիզրեում, Սիլոփիում: Հակաահաբեկչական գործողությանը մասնակցում է մոտ 10 հազար զինվորական և ոստիկան:

Դեկտեմբերի 23-ին Եվրամիությունը զսպվածության կոչ է արել Թուրքիայի իշխանություններին և քուրդ գրոհայիններին երկրի հարավ-արևելքում լարվածության աճի ֆոնին` կրկին հայտարարելով, որ հակամարտ կողմերի առաջնորդներն անհապաղ պետք է հրադադարի կոչ անեն:

ՔԱԿ և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:

Վերջին 4 ամսում քուրդ գրոհայիններն իրենց հերթին ոչնչացրել են ավելի քան 180 ոստիկան, զինվորական, քաղաքացիական անձ: ՔԱԿ կորուստների մասին հավաստի տվյալներ չկան` քրդերը հայտնում են տասնյակ սպանված մարտիկների և խաղաղ բնակիչների մասին, թուրքական պաշտոնական աղբյուրները` ՔԱԿ ավելի քան 2000 անդամի մահվան մասին: Թուրքիայի ՌՕՈւ կործանիչները հուլիսի 24-ից գրոհում են Թուրքիայի հարավ-արևելքում և Իրաքի հյուսիսում գտնվող ՔԱԿ դիրքերը: