Կառավարության որոշմամբ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերությանը կտրամադրվի ավելի քան 107 մլն դրամ՝ ֆինանսական ճեղքվածքը ծածկելու համար:
Կառավարության դեկտեմբերի 24-ի նիստում ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ասել է, որ յուրաքանչյուր տարի գործադիրը Մետրոպոլիտենին հատկացնում է ավելի քան 2 մլրդ դրամ, որից ավելի քան 184 մլն դրամն ուղղել է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության գործառնական գործունեության արդյունքում առաջացող ֆինանսական ճեղքվածքի ծածկմանը, իսկ 585 մլն դրամը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Եվրոպական ներդրումային բանկի վարկային ծրագրերով ենթավարկային պայմանագրերով Ընկերությանը տրամադրված վարկերի գծով առաջացող պարտավորությունների կատարմանը:
«Վարկային պարտավորությունների կատարմանն ուղղվող գումարներից տնտեսվել է 107 մլն դրամ, իսկ գործառնական գործունեության արդյունքում առաջացել է լրացուցիչ ֆինանսական ճեղքվածք, որի ծածկմանն էլ պետք է ուղղվի այս գումարը»,- պարզաբանել է Սաֆարյանը, գրում է Tert.am-ը:
Պետությանը պատկանող Երևանի մետրոպոլիտեն ընկերության կողմից գործարկվող ստորգետնյա տրանսպորտային համակարգը կառուցվել է 1981թ. և ներկայումս Երևանի հասարակական տրանսպորտի հիմնական միջոցն է: Այդ ժամանակից ի վեր Երևանի մետրոն ընդլայնվել է` նախկին 7.6 կմ ձգվող չորս կայարան ունեցող համակարգից վերաճելով 11 կմ ձգվող և 10 կայարան ունեցող ենթակառուցվածքի:






