Ադրբեջանում գաղտնի գործում են ծայրահեղական խմբավորումներ: Այս մասին ասել է Ադրբեջանում ԻԻՀ դեսպանության մշակութային հարցերով խորհրդական Էբրահիմ Էբրահիմին:
Իրանի դեսպանության ներկայացուցիչըմասնավորապես նշել է.
«Ադրբեջանը չի հանդուրժում կրոնական խմբերի գործունեությունն ու հոգևոր ծեսերի իրականացումը: Ադրբեջանը թեև բացահայտ հայտարարում է, որ որևէ անձի կամ խմբավորման արգելում է «Իսլամական պետության» հետ համագործակցել, սակայն դժբախտաբար այդ երկրում գաղտնի գործում են ծայրահեղական խմբավորումներ, նույնիսկ կառավարության կողմից նրանք ֆինանսական աջակցություն են ստանում, իսկ մյուս կողմից Ադրբեջանական Հանրապետությունում, որի բնակչության մեծամասնությունը շիա է, Նարդարանի հավատացյալ բնակչության հանդեպ բռնի գործողություններ են կատարվում: Սա վկայում է, որ Ադրբեջանը սարսափում է կրոնին առնչվող հարցերից»:
Անդրադառնալով Նարդարանում տեղի ունեցած բախման ընթացքում երկու ոստիկանի սպանությանը՝ Էբրահիմին հետևյալն է ասել. «Եթե Ադրբեջանի անվտանգության ուժերը պնդում են, որ մի խումբ անձինք են հարձակվել ոստիկանների վրա, ապա ինչո՞ւ 10 հազար բնակչություն ունեցող ավանին առաջին անհրաժեշտության ապրանքից՝ գազից, ջրից և էլեկտրաէներգիայից զրկեցին: Եթե իրականում այդ դեպքի ժամանակ ոստիկան է զոհվել, ապա փորձաքննությունը կարող է պարզել թե ի՞նչ զենքից, ի՞նչ տրամաչափի գնդակից, ե՞րբ և ի՞նչ հանգամանքներում են նրանք սպանվել: Սակայն առկա գործընթացները հուշում են, որ այս միջադեպը փորձում են օգտագործել Նարդարանի բնակչության դեմ՝ նրանց մեղադրելով ազգային անվտանգության դեմ իրականացրած գործողությունների մեջ», իրանական «ԱՆԱՋ» լրատվական գործակալությանը հղումով գրում է Panoram.am-ը:
Դեկտեմբերի 1-ին Ադրբեջանի ներքին զորքերի ուժեղացված ստորաբաժանումները մուտք են գործել Նարդարան ավան, որտեղ անցած շաբաթ հավատացյալների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախման հետևանքով 7 մարդ է զոհվել:
Պատասխանելով դիտարկմանը՝ թե ադրբեջանական ԶԼՄ-ները Նարդարանի դեպքերը լուսաբանելիս հաճախ են հիշատակել Իրանի անունը՝ վերջինիս մեղադրելով Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու մեջ, Ադրբեջանում Իրանի դեսպանության մշակութային հարցերով խորհրդականը նշել է, որ եթե ներքին գործերին միջամտելը պայմանավորված է մարդկանց՝ տվյալ երկիր մուտք գործելով, ապա Ադրբեջանի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել Իրան, սակայն հակառակ գործընթացը տեղի չի ունենում:
Իրանի մի շարք քաղաքներում տեղի ունեցած բողոքի ցույցերի, ուրբաթօրյա աղոթքների ժամանակ ինչպես ցուցարարները, այնպես էլ բարձրաստիճան հոգևորականները խիստ դատապարտեցի Նարդարանում տեղի ունեցած բախումը, իսկ Իրանի ԱԳ նախարարությունը շեշտելով, թե անտարբեր չէ Նարդարանում ստեղծված իրավիճակի հանդեպ, հայտարարեց, որ տեղի ունեցած երկկողմ խորհրդակցությունների արդյունքում մուսուլմանական ծեսերի անցկացման և սրբավայրերի համար ավելի բարենպաստ միջավայր ստեղծվեց:






