AM
25 Դեկտեմբեր 2015 - 13:18 AMT

Reuters. ԻՊ-ն թույլատրել է հանել գերիների օրգանները

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին թույլատրվել է գերիների օրգանները հանել փոխպատվաստման համար, հայտնում է Reuters գործակալությունը: Համապատասխան փաստաթուղթն ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը հայտնաբերել էին Սիրիայի արևելյան հատվածում ընթացիկ տարվա մայիսին:

Reuters-ը սակայն չի կարող ինքնուրույն պարզել, արդյոք իր մոտ հայտնված փաստաթուղթն իրական է: «Անհավատի կյանքն ու օրգանները հարգանքի արժանի չեն, դրանք կարելի է խլել անպատիժ»,-ասվում է փաստաթղթում, որը ֆաթվա է` կրոնական բնույթի կարգադրություն:

Ըստ թիվ 68 ֆաթվայի գերու օրգանները կարելի է օգտագործել, նույնիսկ եթե դա կհանգեցնի նրա մահվան: Ինչպես նշել է գործակալությունը, «փաստաթուղթը չի ապացուցում այն փաստը, որ ԻՊ գրոհայինները զբաղվում են գերիների օրգանների ապօրինի հատմամբ և վաճառքով», սակայն այն «կրոնական հիմնավորում է տալիս անհավատների օրգաններն օգտագործելու հնարավորություն համար»:

Ըստ ամերիկացի պաշտոնյաների, գրությունները, որոնք առգրավվել են Սիրիայի արևելքում, թույլ են տվել ԱՄՆ կառավարությանը հասկանալ, թե ինչպես է ԻՊ-ն կազմակերպված, ինչպես է գործում, ինչպես է միջոցներ հավաքում և օրենքներ ստեղծում իր հետևորդների համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: