AM
19 November 2002 - 17:51 AMT

ԲԱՔՎՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԶԵՐԾ ՄՆԱԼ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Վաշինգտոնի հիմնական դիրքորոշումը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանին եւ Հեյդար Ալիեւին աջակցելն է ամուր եւ հաստատուն խաղաղության հասնելու համար: Այդ մասին, ինչպես գրում է Բաքվի «Զերկալո» թերթը, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոս Ուիլսոնը` Բաքվի պետական համալսարանի ուսանողադասախոսական կազմի հետ հանդիպման ընթացքում: Նրա խոսքերով` Ադրբեջանն այժմ ընտրության առջեւ է` հաշտության բանակցություններ վարել, թե վերսկսել ռազմական գործողությունները: Սակայն հակամարտության խաղաղ կարգավորման նկատմամբ միջազգային կազմակերպությունների վերաբերմունքը հայտնի է, նշել է դեսպանը` հայտարարելով ռազմական գործողությունների հետեւանքների անկանխատեսելիության մասին: Նրա կարծիքով` պատերազմի վերսկսումը կհանգեցնի լուրջ ավերածությունների, 1994 թվականից ի վեր ձեռք բերված տնտեսական հաջողությունների կորստյան, ինչպես նաեւ մարդկանց իրավունքների եւ ազատությունների սահմանափակման: «Կարծում եմ, որ այդ երկընտրանքին պետք է խելքով մոտենալ», – ասել է դեսպանը` ադրբեջանական ժողովրդին հորդորելով զերծ մնալ ռազմատենչ տրամադրություններից: