AM
7 Հունվար 2016 - 09:19 AMT

Նավթի գինը նվազել է՝ մոտ $33 մեկ բարելի դիմաց

Նավթի գնանկումը շարունակվում է և 2004 թ. ապրիլից առաջին անգամ չի հասնում նույնիսկ $33 մեկ բարելի համար: Brent տեսակի նավթի մեկ բարելի արժեքը մոտ $32,97 է, գրում է ՌԲԿ-ն: WTI տեսակի նավթի բարելը նվազել է 3,4%՝ մինչև $32,85:

Նավթի գնանկումը շարունակվում է Չինաստանում ֆոնդային բորսայի 7%-անոց անկման ֆոնին, որի պատճառով չինական բորսաները փակվեցին սակարկություններից քիչ անց:

Բացի այդ, սաուդյան պետական նավթային ընկերությունը՝ Aramco-ն, ավելացրել է փետրվարյան առաքումների զեղջերը $0,60-ով մեկ բարելի համար հյուսիսարևմտյան Եվրոպայի համար, և մեկ բարելի դիմաց $0,20-ով միջերկրածովյան հաճախորդների համար: Սաուդյան Արաբիայի գործողություններն ակնհայտ նախապատրաստում են եվրոպական նավթի շուկայի համար պայքարին, որը կսկսվի այս տարի Իրանից առաքումների աճի պատճառով: Aramco-ն հայտարարել է գնի նվազեցման մասին Էր Ռիադի և Իրանի միջև առաջացած լայնածավալ դիմակայության ֆոնի վրա, որի հետևանքով երկու երկրների հարաբերությունները խզվել են:

Ավելի վաղ, Թեհրանի և Էր Ռիադի միջև հարաբերությունների կտրուկ սրման ֆոնին սև ոսկու գները մի փոքր աճել էին: Սակայն հիմնականում նավթի գինը շարունակում է անկումը շուկայի գերհագեցածության պատճառով: Ըստ Միջազգային էներգետիկ գործակալության 2015-2016-ին նավթի համաշխարհային պահանջարկի վերաբերյալ տվյալների, համաշխարհային նավթային շուկաները գերհագեցած կմնան առնվազն մինչև 2016-ի ավարտը: