AM
7 Հունվար 2016 - 10:14 AMT

Սպիտակ տուն. Հյուսիսային Կորեայի կողմից ջրածնային ռումբի փորձարկման համոզիչ ապացույցներ չկան

Պաշտոնական Վաշինգտոնի կարծիքով՝ համոզիչ ապացույցներ չկան այն մասին, թե Հյուսիսային Կորեան ջրածնային ռումբի փորձարկումներ է իրականացրել։

Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշուա Ըրնեսթը հայտարարել է, որ ցանկացած միջուկային փորձարկում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման սադրիչ և ակնհայտ խախտում է, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։

Ջրածնային ռումբի փորձարկման մասինպաշտոնական Փհենյանը հայտարարել է հունվարի 6-ին:

Հյուսիսային Կորեայի կառավարությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ երկրի միջուկային ներուժի մակարդակը բարձրացվել է ԱՄՆ-ից պաշտպանվելու համար և առաջինը երբեք այն չի գործարկի, եթե չխախտվի Հյուսիսային Կորեայի Ժողովրդական Հանրապետության ինքնիշխանությունը:

Ջրածնային ռումբի հզորությունը կազմել է մոտ 6 կիլոտոննա:

Մինչդեռ Չինաստանի սահմանամերձ շրջանների բնակիչները տարհանվել են ստորգետնյա ցնցումների պատճառով, որոնք զգացվել են Հյուսիսային Կորեայում ջրածնային ռումբի փորձարկումից հետո: