Զբոսաշրջիկները, գործարարները, ցուցահանդեսի մասնակիցները Քյոլնում վախենում են այցելել քաղաք Ամանորի գիշերը կանանց վրա հարձակումներից հետո: Զբոսաշրջիկների մի մասն արդեն չեղարկել է ուղևորությունը՝ չցանկանալով ռիսկի դիմել, հայտնում է Deutsche Welle-ն:
Ըստ Köln-Tourismus GmbH-ի ղեկավար Յոզեֆ Զոմմերի, մի խումբ զբոսաշրջիկներ չեղարկել են ամռան ամիսների համար ծրագրված ուղևորությունը: Քյոլնի իմիջին մեծ վնաս է հասցված,-ասել է Զոմմերը Kölner Stadt-Anzeiger թերթին տված հարցազրույցում: Ընկերությունն, ըստ նրա, մեծաքանակ նամակներ ու հեռախոսազանգեր է ստանում մտահոգված զբոսաշրջիկներից ու տուրօպերատորներից: Ըստ ընկերության ղեկավար Հերալդա Բյոզեի, Քյոլնի ցուցահանդեսի կազմակերպիչ Koelnmesse GmbH-ը ստիպված է պատասխանել բազմաթիվ հարցումների ցուցահանդեսների մասնակիցների և այցելուների անվտանգության ապահովման վերաբերյալ, ինչպես Գերմանիայից, այնպես էլ արտերկրից:
Քյոլնի հյուրանոցային և ռեստորանային բիզնեսի ընկերությունների միավորման կառավարիչ Քրիսթոֆ Բեքքերը պատմել է թերթին անհատ զբոսաշրջիկների և գործարարների հայտնած մտահոգությունների մասին:
Քաղաքի կայարանամերձ հրապարակում Ամանորի գիշերը «արաբական և հյուսիսաֆրիկյան արտաքինով» տղամարդկանց խմբերի ագրեսիվ վարքագծի մասին արդեն հայտարարել է 90 կին, հայտնում է Deutsche Welle-ն: Տուժածները պնդում են, որ տղամարդիկ հարձակվել են նրանց վրա, սպառնացել, թալանել, ինչպես նաև սեռական ոտնձգությունների են դիմել ագրեսիվ ձևով:
Ըստ ԶԼՄ-ների Ամանորի գիշերը հրապարակում, որտեղ նշում էին տոնը, հերթապահել է մոտ 200 ոստիկան: Նրանք մի քանի ձերբակալություն են իրականացրել, մի քանիսը փախստականների փաստաթղթեր են ունեցել:
Ամանորի իր ուղերձում Մերկելը կոչ էր արել նոր հնարավորություններ տեսնել երկրի համար ի դեմսփախստականների ներհոսքի: Նա զգուշացրել էր նաև այն ուժերին սատարելուց, որոնք խտրականության կոչեր են անում: «Ես վստահ եմ, որ մենք կլուծենք այդ բարդ խնդիրը, կապված այդքան մեծաքանակ մարդկանց ներհոսքի հետ, և վաղը նոր հնարավորություններ կբացվեն»:
Մերձավոր Արևելքից փախստականների աննախադեպ ներհոսքը մեծ խնդիր դարձավ Եվրոպայի համար 2015-ին: Եվրամիության ղեկավարությունը ստիպված էր քվոտաներ սահմանել՝ առավելագույնը սահմանվեց Գերմանիայի համար՝ 40 հազար մարդ:






