AM
7 Հունվար 2016 - 10:43 AMT

Քեմերոն. Բրիտանիան կարող է Եվրոպայի մաս մնալ՝ չմտնելով եվրոյի գոտի

Մեծ Բրիտանիան կարող է Եվրոպայի մաս մնալ՝ չմտնելով եվրոյի կամ Շենգենի գոտի և պահպանելով իր սահմանները, սակայն պետք է ազնիվ կանոններ ու երաշխիքներ գործեն, որ եվրոյի գոտու մաս չկազմող պետությունները խնդիրներ չեն ունենա, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Բավարիայում Քրիստոնյա-սոցիալական միություն կուսակցության ղեկավարության հետ հանդիպմանը:

Գերմանական N24 հեռուստաալիքը ուղիղ հեռարձակում էր Մեծ Բրիտանիայի վարչապետի հայտարարությունը:

«Մենք պետք է ազնիվ կանոններ մշակենք պետությունների համար եվրոյի գոտու ներսում և դրանից դուրս: Մեծ Բրիտանիան չի անդամակցի եվրոյի գոտուն, և մենք պետք է վստահ լինենք, որ եվրոյի գոտուց դուրս գտնվող պետությունները խնդիրներ չեն ունենա: Մեծ Բրիտանիան հիանալի այլընտրանք ունի՝ Եվրոպայի մաս մնալ՝ չանդամակցելով եվրոյի գոտուն և Շենգենին՝ պահպանելով սեփական սահմանները: Դա լավ կլինի ոչ միայն Մեծ Բրիտանիայի, այլ նաև Եվրոպայի համար»,-ասել է վարչապետը:

Քեմերոնն ասել է, որ ԵՄ-ն պետք է ճկուն լինի փոփոխությունների հարցում, ոչ թե մշտապես աճի որպես քաղաքական դաշինք: Ըստ վարչապետի, միգրացիայի հարցերը Եվրոպայում կարևոր են: Նա նշել է, որ Մեծ Բրիտանիան կողմ է քաղաքացիների ազատ տեղաշարժին ԵՄ ներսում, սակայն պետք է հետևել, որ սոցիալական ծառայությունները գերծանրաբեռնված չլինեն: Նա հավելել է, որ բրիտանացիները մեծ ճնշման են ենթարկվում վերջին տարիներին շատ մեծ միգրացիոն հոսքի պատճառով:

«Մենք կարող ենք քննարկել բոլոր այդ թեմաները, մինչև վերջ հասցնելով բանակցությունները և հետո հանրաքվե կանցկացնենք»,-ասել է Քեմերոնը: Վարչապետը նշել է, որ որոշումը կայացնելու է ժողովուրդը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Դևիդ Քեմերոնը խոստացել է հանրաքվե անցկացնել ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամության շուրջ, ինչպես նաև բանակցել Եվրամիության մյուս առաջնորդների հետ կազմակերպության բարեփոխման մասին: Ինքը Քեմերոնը կողմ է անդամությանը, սակայն այդպիսով ենթադրում է հասնել Եվրամիության բարեփոխումներին, որոնք Լոնդոնն անհրաժեշտ է համարում, առաջին հերթին, Մեծ Բրիտանիային կորցված իշխանական լիազորությունները վերադարձնելու հարցում: Այդ դեպքում, ըստ նրա, բրիտանացիներն ուրախ կլինեն մնալ ԵՄ կազմում: Եթե վարչապետի պահանջը մերժվի, ապա նա ևս կսատարի ԵՄ-ից դուրս գալուն: