Բելգիական ոստիկանությունը կարծում է, որ նոյեմբերի 13-ի Փարիզի ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչները կենդանի են և ազատության մեջ են: Այդ մասին RTL հեռուստաալիքին հայտնել են հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրները:
«Խոսքը երկու անձանց մասին է, որոնք գործի մեջ են Բուզիդ և Կայալ անուններով: Ոստիկանությունը կարծում է, որ նրանք են համակարգել Բրյուսելից մահապարտների գործողությունները՝ նոյեմբերի 13-ի ամբողջ օրը նրանց հետ փոխանակվելով տեքստային հաղորդագրություններով: Դեկտեմբերի 4-ին երկու կասկածյալների նկատմամբ հետախուզում է հայտարարվել, սակայն ներկայիս դրությամբ նրանց մասին փաստացիորեն ոչինչ հայտնի չէ, ներառյալ նրանց ազգությունը»,- նշել է հեռուստաալիքը:
Այդ երկուսը սեպտեմբերի 9-ին փախստականների հոսքի հետ հատել են Ավստրիայի և Հունգարիայի սահմանը Սալահ Աբդեսլամի հետ՝ ծագմամբ մարոկկացի բելգիացու՝ Փարիզի մահապարտներից մեկի եղբոր հետ, ում ոստիկանությունը այդպես էլ չի կարողացել ձերբակալել, հեռուստաալիքին հղումով գրում է Tert.am-ը:
Ոստիկանությունը կարծում է, որ ահաբեկչությունները հիմնականում կազմակերպվել են Բրյուսելում ապրող արաբական ծագմամբ ծայրահեղականների կողմից, որոնք մասնակցել են Սիրիայում պատերազմին «Իսլամական պետության» կողմից:
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 130 մարդ։ Ֆրանսիայում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված:
Ֆրանսիայի նախագահ Օլանդը պատերազմ է հայտարարել է ահաբեկչական «Իսլամական պետությանը», որը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը:






