Իրաքի բանակն ազատագրել է Անբար գավառի Աշ Շաի շրջանը երկրի արևմուտքում «Իսլամական պետության» գրոհայիններից` ոչնչացնելով մոտ 70 գրոհայինի: Այդ մասին հայտնել է Al Sumaria հեռուստաալիքը բանակի ներկայացուցչի վրա հղումով:
Գեներալ-մայոր Նուման Աբդ ազ Զուբային հունվարի 11-ին հայտարարել է հեռուստաալիքին, որ իրաքցի զինծառայողներին հաջողվել է ԻՊ գրոհայիններից «ազատագրել Աշ Շաի շրջանը, որը գտնվում է Հադիթ քաղաքից դեպի հյուսիս»:
«Զինծառայողներին ազատագրման գործողության ընթացքում հաջողվել է ոչնչացնել մոտ 70 գրոհայինի, ոչնչացվել է նաև նրանց պատկանող 7 տրանսպորտային միջոց»,-հավելել է Աբդ ազ Զուբաին` հայտարարելով, որ սկսվում է հարևան շրջանի ազատագրման գործընթացը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Իրաքում պահպանվում է լարված իրավիճակը` կապված ԻՊ գործունեության հետ, որը գրավել է Իրաքի մի մասը: Ըստ տարբեր գնահատականների, ԻՊ կողմից վերահսկվող տարածքը հասնում է մինչև 90.000 քկմ: Կազմակերպության անդամների վերաբերյալ տեղեկությունները տարբեր են` 50.000-200.000:
«Իսլամական պետություն» խմբավորումը, որը մինչև վերջերս կոչվում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS), իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: Կազմակերպության ստեղծմանը մասնակցել է «Ալ Քայիդան» և նրա հետ կապված «Շուրա մոջահեդների խորհուրդը»:
2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:






