AM
11 Հունվար 2016 - 13:25 AMT

Ղազախական թենգեն արժեզրկվել է՝ սահմանելով պատմական հակառեկորդ

Ղազախական արժույթի` թենգեի փոխարժեքը հունվարի 11-ին Ղազախստանի ֆոնդային բորսայում գործարքների արդյունքում կրկին անկում է գրանցել` սահմանելով իր պատմական նվազագույն նոր մակարդակը:

Ղազախստանի բանկերում դոլարի միջին կշռված փոխարժեքը ներկայումս կազմում է 355,52 թենգե, «Կորեսպոնդենտ-ին հղումով գրում է Panorama.am-ը:

Մեկ ամսվա ընթացքում Ղազախական արժույթն արժեզրկվել է գրեթե 15%-ով:

Նախորդ անկումը թենգեն գրանցել էր հունվարի 8-ին, երբ դոլարի փոխարժեքը 344,68 թենգեից բարձրացել էր մինչև 351,85 թենգե:

Տարեսկզբին արժեզրկվել է նաև թուրքական լիրան՝ գրանցելով 2016-ի ամենամեծ անկումը, Haberler-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Լիրայի աժեզրկման վրա ազդել են Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների սրումը և չինական ֆինանսական բորսաներում գների անկումը: Կայքը գրում է, որ հունվարի 11-ի առավոտյան 1 դոլարի արժեքը կազմել է 3.0447 թուրքական լիրա: Եվրոյի արժեքը նույնպես բարձրացել է՝ կազմելով 3.30 լիրա:

Թուրքական լիրայի ամենամեծ անկումը (1 դոլարը կազմել էր 3.0750 լիրա) եղել էր 2015-ի սեպտեմբերի 24-ին՝ պայմանավորված երկրում խորհրդարանական ընտրություններից հետո առաջացած լարվածությամբ և տարածաշրջանային խնդիրների ազդեցությամբ: