Իրանի զինված ուժերը ԱՄՆ ՌԾՈւ 2 մոտորանավակ են կալանքի ենթարկել` երկրի տարածքային ջրերը մտնելու համար: Դա տեղի է ունեցել նավակներից մեկի խափանման պատճառով:
Ինչպես հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար Փիթեր Քուկը, անձնակազմի հետ կապը խզվել է Պարսից ծոցի տարածքում, նավերը Քուվեյթից Բահրեյն էին ուղևորվում:
Երկու պարեկային մոտորանավակում եղել է ԱՄՆ 10 զինվորական, այդ թվում 9 տղամարդ և 1 կին: Իրանի իշխանությունները ձերբակալել են բոլորին:
Սպիտակ տունը բանակցում է Իրանի կառավարության հետ` կարգավորելու համար միջադեպը:
Մինչդեռ Իրանը ԱՄՆ-ից ներողություն է պահանջում իր «տարածքային ջրերը «խախտելու» համար, հայտնել է Reuters գործակալությունն Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի վրա հղումով:
Կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Ալի Ֆադավին ասել է, որ Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը միջադեպի վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:
«Զարիֆը կոշտ դիրքորոշում է որդեգրել, քանի որ նավաստիները խախտել են Իրանի տարածքային ջրերը, և ներողություն է պահանջել ԱՄՆ-ից»,-ասել է ծովակալը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:






