AM
13 Հունվար 2016 - 11:10 AMT

ՔԱԳՎ պետ. Քաղավիացիան բանակցում է միջազգային մի քանի ավիաընկերության հետ

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը բանակցություններ է վարում միջազգային մի քանի ավիաուղիների հետ՝ Հայաստան նոր ավիափոխադրողներ բերելու ուղղությամբ: Այս մասին հայտնել է ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսեսյանը:

Նա չի մանրամասնել, թե որ ավիափոխադրողների հետ են բանակցություններ տարվում:

«Այս պահին մենք բանակցությունների մեջ ենք մի քանի արտասահմանյան ներդրողների հետ, որոնց կողմից կա հետաքրքրություն Հայաստանում ավիաընկերություն ստեղծելու, ՀՀ-ում ավիացիոն բիզնեսով զբաղվելու: Դեռ մեկ-երկու ամիս անհրաժեշտ կլինի, որ բանակցություններն ամփոփենք, որովհետև կան հարցեր, որոնք հստակեցման կարիք ունեն», – ասել է Մովսեսյանը, գրում է Tert.am-ը:

Նա չի հայտնել նաև բանակցվող թռիչքուղիները՝ նշելով, որ բանակցությունները չեն ավարտվել:

ՔԱԳՎ պետի խոսքով՝ պայմանավորվածություն ձեռք բերելուն պես իրենք կանցնեն գովազդային քարոզարշավ սկսելուն:

2013-ին Հայաստանի կառավարությունը հաստատել է ավիափոխադրումների ոլորտի փուլային ազատականացման ռազմավարությունը, այն բանից հետո, երբ Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը որոշում կայացրեց 2013-ի ապրիլի մեկից թռիչքների դադարեցման և սնանկացման գործընթաց սկսելու մասին։ Տվյալ փաստաթուղթը նախատեսում էր ոլորտում առնվազն երեք հայկական ավիաընկերությունների գործունեություն։

ՀՀ կառավարությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում որդեգրել է «Բաց երկնքի» քաղաքականությունը, որը ենթադրում է ավիաընկերությունների առևտրային գործունեությանը պետության միջամտության նվազեցում: