Ադրբեջանի կենտրոնական բանկն արգելել է արտարժույթի փոխանակումը գլխամասային գրասենյակներից, բաժանմունքներից և մասնաճյուղերից դուրս, հայտնում է Haqqin.az-ը:
Բացառություն են կազմում միայն զբոսաշրջային օբյեկտները, հիմնականում հյուրանոցներն ու օդանավակայանները, որտեղ արժույթի փոխանակման կետերը շարունակում են աշխատել, ասվում է կենտրոնական բանկի հաղորդագրության մեջ:
Արժութային արժեքների ապօրինի գնումը, փոխանակումը, որպես վճարման միջոց կիրառումը ենթակա է մեծ տուգանքների` արտարժույթի առգրավմամբ: Մանաթի արժեզրկումն արդեն իսկ արժույթի հետ կապված հանցագործությունների ալիք է բարձրացրել: Վերջին օրերին Ադրբեջանի ոստիկանությունն արդեն մոտ 20 մարդ է ձերբակալել` արտարժույթի հետ մեքենայությունների մեղադրանքով:
Բաքվում բանկերի առջև երկար հերթեր են գոյացել: Մարդիկ ժամերով հերթ են կանգնում դոլար գնելու համար, այն էլ սահմանափակ քանակով` մեկ անձին տրվում է 500 դոլարից ոչ ավելի:
Ադրբեջանի տնտեսության մեջ ոչ նավթային հատվածն ընդամենը 2,3% է կազմում: Դա նշանակում է, որ մանաթի սրընթաց արժեզրկումից հետո տարիներ կպահանջվեն, որպեսզի Ադրբեջանը կարողանա համաշխարհային շուկա արտահանել ոչ նավթային սեկտորի ապրանքներ: Ուստի երկրում մեծ է լինելու ներմուծվող ապրանքների պահանջարկը, իսկ դա գործունեության լայն դաշտ է ստեղծում մաքսանենգների և ընդհատակյա առևտրի համար, գրում է պարբերականը:
Մինչդեռ հայտնի է դարձել, որ 2015-ի տվյալներով Ադրբեջանի կառավարությունը 350 մլն մանաթով կրճատել է սոցիալական նախագծերի ֆինանսավորումը:
«Աջակցություն տնտեսական նախաձեռնություններին» ՈԿԿ-ի նախագահ Ռովշան Աղաևը, հղում անելով ֆինանսների նախարարի հրապարակած թվերի վրա, հաշվարկել է, որ 10% (183,5 մլն մանաթ) կրճատվել են սոցիալական ապահովության և առողջապահության ոլորտների ծախսերը` 70 մլն մանաթով, 6%-ով կամ 106 մլն մանաթով կրճատվել են կրթության ոլորտի ծախսերը, գրում է contact.az-ը:






