AM
14 Հունվար 2016 - 09:37 AMT

«Հյուսիս-Հարավ»-ի Լանջիկ-Գյումրիի հողերի օտարման ծրագիրը հաստատվել է

ՀՀ կառավարությունը հունվարի 14-ի նիստում հաստատել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ (Տրանշ 3)ճանապարհահատվածի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագիրը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշել է, որ ծրագիրը կնպաստի Լանջիկ-Գյումրի հատվածի հողերի օտարման և տարաբնակեցման գործընթացի արդյունավետ, համակարգված իրակացմանը, կպահովի հանրության, այդ թվում ազդեցության ենթակա անձանց իրազեկումը հողերի օտարման և տարաբնակեցման ողջ գործընթացի վերաբերյալ, ինչը մի կողմից կնպաստի ազդեցության ենթակա անձանց իրավունքների արդյունավետ իրականացմանը, իսկ մյուս կողմից, ՀՀ-ի՝ վարկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարմանը:

Ծրագրով նախատեսվում է վերակառուցել Մ1 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 46.1 կմ ընդհանուր երկարությամբ Թալին-Լանջիկ (18.7կմ) և Լանջիկ-Գյումրի (27.4կմ) ճանապարհատվածները, գրում է Panorsama.am-ը:

Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքները ֆինանսավորվում են Եվրոպական ներդրումային բանկի կողմից՝ համաձայն ՀՀ և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2013 թվականի նոյեմբերի 7-ին (Երևան) և 2013-ի նոյեմբերի 18-ին (Լյուքսեմբուրգ) ստորագրված «Հայաստանի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ֆինանսական պայմանագրի: