Հունվարի 13-ին միգրացիոն քաղաքականության մասին բանավեճ է տեղի ունեցել գերմանական Բունդեսթագում, հայտնում է dpa-ն: Քննարկվել է փախստականների արտաքսման մասին հարցը: Քրիստոնյա-սոցիալիստական միության Բավարիայի մասնաճյուղի գլխավոր քարտուղար Անդրեաս Շոյերը հորդորել է Ալժիրն ու Մարոկկոն դիտարկել որպես անվտանգ երկրներ` պարզեցնելու համար իրավախախտների արտաքսումը:
Գերմանիան ցանկանում է ընդլայնել երկրների ցանկը, որտեղից ժամանող փախստականների դիմումները մերժվելու են: Ըստ գերմանական լրատվամիջոցների՝ կառավարության ներկայացնելիք ցուցակում ներառվել է նաև Հայաստանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը»:
Խորհրդարանականները քննարկել են ապաստան հայցողների համար անձը հաստատող միասնական փաստաթղթի ներմուծման հարցը, որի շնորհիվ երկրի իշխանությունները տվյալների բազա կունենան բոլոր փախստականների վերաբերյալ: Նախատեսվում է փաստաթուղթը հանձնել արդեն փետրվարից: Օրինագիծը կդրվի քվերակության հունվարի 14-ին, հայտնում է dw.com-ը:
Ամանորի գիշերը Քյոլնի տաճարի հարակից հրապարակում 15-35 տարեկան մոտ 1000 տղամարդ էր հավաքվել: Ըստ վկաների ցուցմունքների, խմած տղամարդիկ շրջապատում էին կանանց, խլում նրանց դրամապանակներն ու բջջային հեռախոսները, իսկ նրանց, ով փորձում էր միջամտել, սպառնում էին հաշվեհարդարով: Ըստ վերջին տվյալների, ոստիկանությունն արդեն մոտ 400 դիմում է ստացել սեռական ոտնձգություններից և կողոպուտից տուժած կանանցից: Հիմնականում հարձակվողները եղել են աֆրիկյան և արաբական արտաքինով երիտասարդ տղամարդիկ:
2015-ին Գերմանիա է ժամանել մոտ 1,1 մլն փախստական, ամեն օր սահմանը հատում է մի քանի հազար մարդ: ԳԴՀ ՆԳՆ կարծում է, որ 2016-ին մոտ 1 մլն փախստական մուտք կգործի Եվրոպա:
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ եվրոպական իշխանություններն ի զորու չեն պատշաճ հսկողություն ապահովել միգրացիոն ճգնաժամի հետ կապված իրավիճակում:






