2015-ի հոկտեմբերին էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորման կարգի փոփոխությունից հետո բնակիչ-բաժանորդների մոտ 78,8%-ը հոկտեմբերին ծախսած էլեկտրաէներգիայի համար օգտվել է տրամադրվող փոխհատուցումից։ Այդպիսի սպառողների թիվը հոկտեմբերին կազմել է ավելի քան 601 հազար, տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում:
ՀՀ Կառավարությունը հոկտեմբերի 29-ին որոշում ընդունեց բնակչության մասով սուբսիդավորումը դարձնել հասցեական և այն տրամադրել առավել քիչ սպառում ունեցող խմբերին։ Խոսքը՝ ամսվա ընթացքում մինչև 250 կՎտ էլեկտրաէներգիա օգտագործող բնակիչ-բաժանորդների մասին է։
Բնակիչ-բաժանորդների մասով հոկտեմբերի փոխհատուցումը կազմել է 534,5 մլն դրամ։
Նոյեմբերին բնակիչ-բաժանորդներին տրամադրված սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է մոտ 487 մլն դրամ:
Էլեկտրաէներգիայի սուբսիդավորման կարգի փոփոխությունից հետո փոխհատուցման տրամադրումը հավասար չափով ստանձնել են կառավարությունն ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամը։
Ընդ որում, այդ պարտավորությունը գործում է սուբսիդավորման ամբողջ ժամանակահատվածի համար, այսինքն՝ սկսած օգոստոսի 1-ից մինչև 2016-ի հուլիսի 31-ը։
2015-ի սեպտեմբերի 30-ին «Տաշիր» ընկերությունների խումբը և «Ինտեր ՌԱՕ»-ն պայմանագիր են ստորագրել՝ ՀՀ էլեկտրաէներգետիկ ակտիվների առուվաճառքի վերաբերյալ։
«Տաշիր» ընկերությունների խմբի և «Ինտեր ՌԱՕ» ընկերության պայմանավորվածության համաձայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն (ՀԷՑ) շարունակելու է ամբողջ ծավալով կատարել իր կողմից նախկինում ստանձնած պարտավորությունները: Այս մասին ասել է «Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը՝ ՀԷՑ-ի ձեռքբերման կապակցությամբ:
Նրա խոսքով՝ պայքարելու են կոռումպացված աշխատողների և անբարեխիղճ սպառողների դեմ ու ներքին ռեսուրսների կենտրոնացմամբ, այդ թվում նաև՝ էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցմամբ, կրճատելու են ընկերության ծախսերը, որի արդյունքում հետագայում հնարավոր կլինի խուսափել ՀԷՑ-ի մասով էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից:
Սպառողների թիվը նոյեմբերին եղել է ավելի քան 543 հազար, բնակիչ-բաժանորդների մոտ 705-ը։






