Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ 2016-ի առաջին կիսամյակում հնարավոր կլինի հասնել Կիպրոսի խնդրի կարգավորման: «Ես վստահ եմ, որ առաջին կիսամյակում մենք վերջնական համաձայնության կգանք կղզու վերամիավորման վերաբերյալ»,-ասել է Յունկերը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Ավելի վաղ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոզիասը հայտարարել էր, որ Կիպրոսի հակամարտությունը պետք է արդար լուծում ստանա` նշելով, որ երեք ուժի երաշխիքների համակարգը հնացած է և սահմանափակում է Կիպրոսի ինքնիշխանությունը:
Կիպրոսը բաժանված է 2 մասի 1974 թ., երբ Թուրքան ներխուժեց կղզի` գրավելով տարածքի 37 տոկոսը: 1983-ին գրավյալ մասում հռչակվեց Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետությունը, որը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից:
Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել դեռ 1987-ին, իսկ 1999 թ. ստացել է թեկնածու երկրի կարգավիճակ, բանակցությունները սկսվել են 2005-ին: Սակայն 35 անհրաժեշտ պայմաններից Թուրքիան մինչ օրս բավարարել է միայն 14-ին, ընդ որում ամենամեծ առարկություններն առաջացնում է տարածքային վեճը Կիպրոսի հետ:
«Աթիլա» գործողությունը (Թուրքիայի զինված ուժերի ներխուժումը հյուսիսային Կիպրոս) իրականացվեց 1974 թվականի հուլիսի լույս 21-ի գիշերը: Ներխուժումը տեղի ունեցավ Հունաստանում «սև գնդապետների» խունտայի կառավարման վերջին օրերին ԱՄՆ ու Մեծ Բրիտանիայի թողտվությամբ, որոնք հանդես էին գալիս որպես Կիպրոսի հունական ու թուրքական համայնքների միջև լիազորությունների բաժանման մասին նախկինում կնքված համաձայնության երաշխավորներ:
Աշխարհի պետությունների մեծ մասը համարում է, որ Հյուսիսային Կիպրոսը Կիպրոսի Հանրապետության օկուպացված տարածքն է։ Կղզու օկուպացված մասում գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են քրիստոնեական հուշարձանները՝ Թուրքիան, ինչպես միշտ, փորձում է ոչնչացնել բնիկ բնակչության գոյության հետքերը:
Կիպրոսի Հանրապետությունը պահպանում է կղզու ամբողջ տարածքի ինքնիշխանությունը, 2004 թվականից անդամակցում է Եվրամիությանը: ԵՄ-ն համարում է, որ կղզու հյուսիսային մասը ժամանակավորապես չի վերահսկվում օրինական կառավարության կողմից:
Կղզու միավորման մասին բանակցություններն ընթանում են թուրքական զորքերի ներխուժումից ի վեր, սակայն ապարադյուն: 2013-ի դեկտեմբերի վերջում Հունաստանի ԱԳՆ-ն, որին 2014-ի հունվարի 1-ին անցավ ԵՄ-ումնախագահությունը, հայտարարել է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանավեճ սկսելու իմաստ չի տեսնում, քանի դեռ Անկարան չի ճանաչել Կիպրոսի Հանրապետությունը:






