AM
16 Հունվար 2016 - 08:22 AMT

Պետդեպն ակնարկել է, որ ՌԴ դեմ պատժամիջոցները կարող են 2016-ին չեղարկվել

Ռուսաստանի դեմ գործող ամերիկյան պատժամիջոցները կարող են չեղարկվել արդեն ընթացիկ տարում: Այսպիսի հույս է հայտնել ԱՄՆ Պետական դեպարտամենտի պատժամիջոցների գծով համակարգող Դենիել Ֆրիդը, հայտնել է «Ամերիկայի ձայնը»:

Նա նշել է, որ Մոսկվան միտված է դիվանագիտական լուծման Ուկրաինայի հարավ-արևելքում, որի պատճառով էլ պատժամիջոցներ են սահմանվել Ռուսաստանի դեմ, և մտադիր է կատարել Մինսկի պայմանավորվածությունները: «Հենց որ այդ պայմանավորվածություններն իրականություն դառնան, այն է` ընտրություններ Դոնբասում, մարտական գործողությունների դադարեցում և Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնում, պատժամիջոցները կչեղարկվեն»,-վստահ է Պետդեպի ներկայացուցիչը: «ՌԴ-ն, կարծես, մտադիր է դիվանագիտական ճանապարհով լուծել հարցը»,-ասել է դիվանագետը` հավելելով, որ ԱՄՆ-ն «կարող է միայն ողջունել այդպիսի մոտեցումը», հայտնում է Լենտա.ռու-ն:

ԱՄՆ-ն, Եվրամիությունը և մի շարք այլ պետություններ 2014-ի մարտից մի քանի անգամ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ: Սահմանափակումներն այն ռուսական ընկերությունների համար են, որոնք գործում են հիմնականում էներգետիկ, ֆինանսական և պաշտպանության ոլորտներում: Պատժամիջոցներ են սահմանված նաև ՌԴ առանձին անձանց դեմ: Մոսկվան բազմիցս է ժխտել Մինսկի պայմանավորվածությունների խախտումը: ՌԴ իշխանությունները հերքել են Դոնբասում կամավորականներին աջակցելու փաստերը, այդ թվում սպառազինության առաքումն ու զինծառայողների մասնակցությունը: Մոսկվան նաև հայտարարում է, որ 2014-ի հանրաքվեն օրինական էր, որի արդյունքում էլ Ղրիմն ու Սևաստոպոլը միացան Ռուսաստանին: