AM
22 Հունվար 2016 - 06:26 AMT

Թուրքիայում ռումբի պայթյունից 10 մարդ է վիրավորվել, որից 9-ը` ոստիկան

Թուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին շրջանում ոստիկանական մեքենա է պաթեցվել։ Ռումբի պայթեցման հետևանքով վիրավորվել է 10 մարդ, այդ թվում՝ 9 ոստիկան։Ինչպես տեղեկացնում է թուրքական «Աքշամ» պարբերականը, միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան Դիջլե շրջանում, հայտնում է Tert.am-ը:

Ենթադրաբար Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալների՝ ճանապարհին տեղադրած ռումբը պայթել է ոստիկանական ծառայողական մեքենայի անցնելու պահին: Դեպքի վայր մեկնած շտապօգնության աշխատակիցները վիրավորներին տեղափոխել են տարբեր հիվանդանոցներ։

Պայթյունից հետո դեպքի վայր են ուղարկվել զրահապատ մեքենաներով հատուկջոկատայիններ և ահաբեկչության դեմ պայքարի բաժնի ոստիկաններ։

Ճանապարհի երթևեկությունը դադարեցվել է՝ անվտանգության նկատառումներով։

Օրերս հրապարակված Amnesty International իրավապաշտպան կազմակերպության զեկույցում ասվում է, որ Թուրքիայի կառավարության գործողությունները երկրի քրդաբնակ շրջաններում անմիջական «սպառնալիք են մոտ 200 հազար մարդու կյանքին և կարող են դիտարկվել որպես հավաքական պատիժ», որի կիրառումն արգելված է Ժնևի 1949թ. օգոստոսի 12-ի կոնվենցիայով:

ՔԱԿ և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:

ՔԱԿ-ն անկախության համար պայքար է մղում ժամանակակից Թուրքիայի արևելքում 80-ականներից ի վեր: Պատերազմի ընթացքում ավելի քան 40 հազար մարդ է զոհվել, թուրքական տնտեսությանը 1984 թ. ի վեր հասցված վնասը գնահատվում է 1 տրլն դոլար: