2016-ի հունվարի 20-ին ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը հարցազրույց է տվել մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որի շրջանակում անդրադարձել է նաև ՌԴ կողմից ՀՀ-ին տրամադրվելիք վարկային միջոցներին:
Փոխնախարարը հայտնել է, որ Ռուսաստանի ֆինանսատնտեսական վիճակի վատթարացման դեպքում հնարավոր է, որ Հայաստանը չստանա Կրեմլի խոստացած վարկերը՝ այդ թվում սպառազինության և ատոմակայանի վերանորոգման համար:
Այդ առնչությամբ ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ փոխնախարարը նկատի է ունեցել ոչ թե ՀՀ և ՌԴ միջև արդեն իսկ կնքված համաձայնագրերով նախատեսված վարկերը, այլ` նոր կնքվելիք համաձանագրերով ՌԴ-ի կողմից ստանձնվելիք պարտավորությունները:
Ինչ վերաբերում է 2015-ի ընթացքում ստորագրված` Հայկական ատոմակայանի վերականգնման և Պետական արտահանման վարկերի տրամադրման համաձայնագրերին` ապա դրանց հետ կապված բոլոր տեխնիկական հարցերը լուծված են և առաջիկայում սպասվում է նշված վարկերի տրամադրումը:
Հունվարի 18-ին Ռուսաստանի ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը ըստ էության չբացառեց, որ Մոսկվան կարող է չկատարել ստանձնած վարկավորման պարտավորությունները:
«2015-ին կնքվել են բավականին շատ վարկային համաձայնագրեր: Խոշոր պարտավորություններ ենք ստանձնել, և վարկավորման պարտավորությունները չկատարելը ավելի մեծ խայտառակություն է, քան վարկի մարումը ձգձգելը», – ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, ասել է ռուսաստանցի պաշտոնյան՝ հավելելով, որ երկրի բյուջեն լարված վիճակում է, և նոր վարկերի տրամադրման հավանականությունը շատ փոքր է:
2015-ին Հայաստանն ու Ռուսաստանի կնքեցին երկու խոշոր վարկային պայմանագիր, որոնց համաձայն Մոսկվան պետք է $270 մլն՝ տրամադրեր Մեծամորի ատոմակայանի նորոգման և $200 մլն՝ սպառազինության ձեռքբերման համար: Սակայն նավթի գների շարունակվող անկումը ծանր դրության մեջ են դրել Ռուսաստանի տնտեսությունը՝ հարկադրելով Կրեմլին օգտագործել նախորդ տարիներին կուտակած արժութային պահուստները:






