AM
28 Հունվար 2016 - 12:44 AMT

ՀՀ-ն միացել է ստարտափերի եվրոպական շաբաթին. Տարածաշրջանի միակ ներկայացուցիչն է

Հայաստանը միացել է Startup Europe Week 2016 նախաձեռնությանը, որը տեղի կունենա փետրվարի 1-5-ը ավելի քան 340 եվրոպական քաղաքներում: Այս մասին տեղեկացնում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից:

Startup Europe Week 2016-ը Եվրոպական հանձնաժողովի Startup Europe նախաձեռնություն է, որի նպատակն է համախմբված ներկայացնել այն բոլոր միջոցառումներն ու հնարավոր աջակցման տարբերակները, որոնք իրականացվում են սթարթափ ընկերությունների օժանդակության համար: Սա Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռներեցների և սկսնակ գործարարների համար բավական արդյունավետ և լայնածավալ նախաձեռնություն է՝ ստանալ ամբողջական տեղեկատվություն տվյալ երկրում սթարթափ էկոհամակարգի ուղղությամբ իրականացվող միջոցառումների վերաբերյալ:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և IBM Նորարար լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի նախաձեռնությամբ Հայաստանը նույնպես միացել է Startup Europe Week 2016 միջոցառմանը և հանդիսանում է տարածաշրջանի միակ ներկայացուցիչը, գրում էPanorama.am-ը:

Startup Europe Week 2016 Armenia -ն տեղի կունենա փետրվարի 5-ին, 10։30-15։30՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի սթարթափ էկոհամակարգի հիմնական դերակատարում ունեցող ներկայացուցիչները:

Միջոցառման թեմաներն են.

• Startup Europe և այլ եվրոպական նախաձեռնություններ, • Սոցիալական ձեռներեցություն, • Տեխնոլոգիական սթարթափների աքսելերացիա, • Առկա ֆինանսավորման միջոցներ, • Պետական աջակցություն

Startup Europe Week 2016 Armenia-ի նպատակն է, համախմբելով ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին, նպաստել և աջակցել Հայաստանում ձևավորվող սթարթափ միջավայրի զարգացմանը:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից և խորհրդատվական ընկերություններից է: ՁԻՀ-ի նպատակն է Հայաստանում ձևավորել ՏՏ ոլորտի զարգացմանը նպաստող համապատասխան միջավայր, մատչելի դարձնել միջազգային գիտելիքը և ֆինանսավորման աղբյուրները, պատրաստել բարձրակարգ ՏՏ մասնագետներ և ղեկավար աշխատուժ, տեղական ընկերությունների համար ստեղծել գլոբալ ցանցերում ընդգրկվելու հնարավորություն: Վերոնշյալ նպատակներն իրականացվում են տարբեր նախաձեռնությունների շրջանակում, ինչպիսիք են՝ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, IBM Նորարար լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը, Ազգային ճարտարագիտական լաբորատորիան (ANEL), Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնները, Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան (mLab ECA) և այլն: