AM
28 Հունվար 2016 - 13:25 AMT

Իրանի ԱԳՆ. Թեհրանը կշարունակի աջակցել Դամասկոսին

Իրանը շարունակում է աջակցել Սիրիային վերջինիս առջև ծառացած խնդիրները լուծելու գործում: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը:

«Մենք կշարունակենք աջակցությունը մի քանի ուղղություններով: Իրանը և Ռուսաստանը կսատարեն Սիրիային ի դեմս այն սպառնալիքների, որոնք ծառացած են երկրի առջև»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա նշել է, որ Թեհրանն ու Մոսկվան «վճռականորեն կողմ են քաղաքական կարգավորմանը Սիրիայում»: «Մենք սատարում ենք Սիրիայի գծով ՄԱԿ հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դը Միստուրայի ջանքերին, քանի որ նա աշխատում է քաղաքական երկխոսություն հաստատել սիրիացիների միջև»,-ասել է իրանցի դիվանագետը: Նա հավելել է, որ Թեհրանը «լավատես է Ժնևում հունվարի 29-ին մեկնարկող բանակցությունների հարցում»:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ Իրանի դիրքորոշումը Սիրիայի հարցում մոտ է Ժնևի կոմյունիկեին և արժանի է քննարկման: «Իրանը Սիրիայի վերաբերյալ սեփական ծրագիրն է մշակել, որը ներառում է կրակի դադարեցում և բանակցություններ, Սիրիայի սահմանադրության բարեփոխում, վերանայում, ազգային միասնության կառավարության ձևավորում և ընտրություններ: Սա շատ մոտ է այն կարգավորմանը, որին արդեն երկար ժամանակ ձգտում է ժնևյան գործընթացը: Դա պետք է ուսումնասիրել»,-ասել է Քերին: